«Երկիր Ծիրանին» դավաճանում է Երևանցիներին
Հասարակությունhaymedia.am-ը գրում է.
Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը երեկ ներկայացավ հերթական սկանդալային շոու օրակարգով. առաջարկում էին Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը կոչել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով, երկրորդ՝ Մյասնիկյանի արձանի հետնամասում տեղադրել մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձան:
Առաջին օրակարգը տարօրինակ էր հետեւյալ առումով. ինչպես բնիկ երեւանցիներն են հիշում, դա մշտապես եղել է մեկ փողոց՝ մեկ անվամբ, ուրեմն ինչպե՞ս կարելի է վերցնել եւ կիսել առանց այն էլ այդ փոքր փողոցը ու երկու տարբեր անուններով անվանակոչել: ՀՀԿ եւ «Ելք» խմբակցության անդամներն իրականում դեմ չլինելով Վուդրո Վիլսոնի անունով փողոց ունենալու գաղափարին՝ միաժամանակ զարմացած էին. իսկ ինչո՞ւ ԱՄՆ նախագահի անունով փողոց ունենալ Հայաստանի ազգային հերոսի փողոցի հաշվին: Եվ ինչո՞ւ դրա համար չգտնել մեկ այլ փողոց:
Զարուհի Փոստանջյանը նախագծերը ներկայացնելիս նկատեց, թե վերջապես, շնորհիվ դրանց՝ իրեն կհաջողվի քաղաքապետարանում ծավալել քաղաքական քննարկում։ Փաստորեն հենց սա էլ տիկնոջ նպատակն էր:
Տիկինը հստակ հաշվարկել էր, որ փողոցի անվանափոխության առաջարկն ու իր ելույթը վրդովեցնելու են ոչ միայն ՀՀԿ-ին, մանավանդ ԵԿՄ անդամներին, այլեւ ընդդիմադիր «Ելք» դաշինքին, որի կազմում ընդգրկված կուսակցություններից մեկը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կողմից ղեկավարվող «Հանրապետությունն» է:
«Ակնհայտ է, որ կա միտում, ստանձնել են պատվիրատուների ծաղրածուների դերն ու կատարում են կեղտոտ, նողկալի պատվեր: Սա հերթական բեմադրությունը չէ, որը հատուկ է նախագիծը բերողներին, սա պարզ հաշվարկ է ու շահ, բիզնես շահ»,- հայտարարեց «Ելքի» ներկայացուցիչ ՏԻԳՐԱՆ ՏԵՐ-ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
Իսկ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ մեր ազատամարտի հերոսի` Վազգեն Սարգսյանի անունով փողոցն են ուզում վերանվանել՝ նրա դերը նսեմացնելով, կամ որքանո՞վ է բարոյական Մարտի 1-ի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի անհրաժեշտության հիմնավորումը կապել ազգային հերոսի անվան հետ: «Ի՞նչ են ուզում ասել սրանով նախագծի հեղինակները. որ հայոց բանակի հիմնադիրն ու հայ ժողովուրդը չե՞ն հաղթել Արցախյան պատերազմում: Այսպե՞ս ենք արժեւորում մեր ժամանակի հերոսներին: Թե՞ նպատակը անտեսանելի ու տեսանելի ուժերին ծառայելն է, «Ելքը» պառակտելը»:
«Ելքից» Անի Խաչատրյանը, որի կնքահայրն է եղել Վազգեն Սարգսյանը, Փոստանջյանին անվանեց դավաճան, որը բորենու հոգեբանությամբ Վազգենի հիշատակի դեմ կռիվ է տալիս. «Զազրախոս, հայկական կեղծ ժաննա դ’Արկ խաղացող, համայն հայությանը եւ Արեւմտյան Հայաստանը հետ բերող տիկի՛ն, դուք ձեր մայր կուսակցությունն եք քանդել: Քաղաքակիրթ երկրներում նման հակապետական նախաձեռնության հեղինակները կարժանանային քաղաքական եւ հանրային պարսավանքի»:
Ավագանիներին վրդովեցրել էր այն, որ պատվեր կատարող, մարտնչող տգիտությունը կարող է հանդգնել ԱՄՆ նախագահին արժեւորել ի հաշիվ ազգային հերոսի՝ Վազգեն Սարգսյանի հիշատակի: ԵԿՄ փոխնախագահ ԱՐԱ ԿԵՏԻԿՅԱՆԻ ելույթը կտրուկ էր. «Ինձ համար ակնհայտ է, որ «Երկիր ծիրանին» գործում է բացառապես դրսի պատվերով, դրսի հրահանգներով, ընդ որում՝ գործելաոճը միշտ նույնն է` գնալ հնարավոր բոլոր տեսակի սադրանքների, ազդել ավագանու, քաղաքապետարանի, Հայաստանի վարկանիշի վրա: Իսկ դուրսը ես շատ ավելի հեռու էի պատկերացնում, բայց այս նախաձեռնությունից պարզ դարձավ, որ պատվերը կարող է գալ շատ մոտիկից` ուղիղ հարեւան հանրապետությունից»:
ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ նշեց, որ «Երկիր ծիրանի» խմբակցության քայլերում չարի ուժ է տեսնում, կա վտանգավոր սադրանք. «Ինչի՞ եք ուզում հասնել. որ սպարապետի հազարավոր զինակիցները վրդովվե՞ն ու դուրս գան փողո՞ց: Երբեք չեք հասնի ձեր ուզածին»:
Հեղինակ՝ Ա. Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մարտի 20-ի համարում