Միջոցներ են ձեռնարկվում պարզելու Սարյան փողոցում կայանված ավտոմեքենայի սրահից գողություն կատարած անձի ինքնությունը
SocietyՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Սարյան փողոցում կայանված ավտոմեքենայի սրահից գողություն կատարած անձի ինքնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. փետրվարի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:30-13:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևան քաղաքի Սարյան փողոցում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, սրահից հափշտակել է քաղաքացու «Հուավեյ» մոդելի բջջային հեռախոսը, որի պատյանի մեջ եղել է գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ մոտենում փողոցում կայանված ավտոմեքենային, ինչ-որ գործողություն կատարում և հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: