«Հանուն Հայաստան պետության» ճակատի հաջորդ հանրահավաքը՝ մեկ շաբաթից
ՀասարակությունԱրդեն հայտնել ենք, որ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի երրորդ հանրահավաքը:
Իր ելույթում «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը՝ Դավիթ Եղիազարյանը, հայտարարեց. «Ազատ, անկախ Հայաստանին հասնելու համար պետք է ստեղծել նոր համակարգ, որը հիմնականում պետք է ստեղծել երիտասարդության շնորհիվ: Ցավոք, Հայաստանում կա մթնոլորտ, որի պատճառով իշխանությունը ստորացրել է ժողովրդին, մինչդեռ իշխանությունը պետք է ծառայեր ժողովրդին ապագային: Տղաներն այսօր ոճրագործ իշխանությունների պատճառով բանտերում են: Երիտասարդներին կոչ եմ անում լինել պահանջատեր, տեր կանգնել երկրին»:
Դավիթ Սանասարյանն ընդգծեց՝ իրենց թիրախը Սերժ Սարգսյանն է և համակարգը: Ըստ նրա՝ համակարգի անունը Սերժ Սարգսյան է, այդ համակարգի համար է կարվել Սահմանադրություն, բոլոր օրենքները դրա համար են:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի համոզմամբ՝ իշխանությունները ժողովրդին հասցրել են թշվառության, քանի որ հայեցի և պետականամետ չեն: «Ասում են՝ նստացույց մի արեք, ասում ենք` պետություն ենք կորցնում, ասում են՝ ձեր գործը չի: Ժողովուրդ ջան, 25 տարի ընդդիմադիրները խաբել են ժողովրդին, ծախվել են, բայց դուք չհուսահատվեք: Մենք պետք է պայքարենք, ես պատրաստ եմ հավերժ պայքարել` հանուն հզոր պետության: Պետք է Նախիջևանից սկսած բոլոր կորցրած հողերը վերադարձնել»:
Հաջորդ հավաքը տեղի կունենա մարտի 30-ին: