«Հեղափոխությունն ավարտված է». ռուսական «Газета» պարբերականի անդրադարձը հայաստանյան արտահերթ ընտրություններին
ՔաղաքականՌուսական «Газета» պարբերականը հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանում նախօրեին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու դրանց արդյունքներին՝ անվանելով դրանք «թավշյա հեղափոխության» տրամաբանական ավարտը:
«Հեղափոխությունն ավարտված է. Փաշինյանը վերցրեց հայաստանյան իշխանությունը» վերնագրով հոդվածում հեղինակներն անդրադարձել են այս տարվա ապրիլից սկսած Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին, որոնք ի վերջո հասան իրենց հանգուցալուծմանը խորհրդարանական ընտրություններով:
Պարբերականն ընտրությունների գլխավոր «սենսացիան» է անվանել Հանրապետական կուսակցության՝ խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայների տոկոսային շեմը չհաղթահարելը:
«Газета»-ն բավականին համարձակ քաղաքական քայլ է որակել Նիկոլ Փաշինյանի՝ ընտրությունների գնալու համար վարչապետի պաշտոնից հրաժարական տալու քայլը՝ չնայած այն աջակցությանը, որը քաղաքական գործիչը վայելում է երկրում և որը նրան տալիս էր որոշակի երաշխիքներ:
«Թեև իրադարձությունները զարգացան հենց նրա սցենարով: Մյուս կուսակցությունները չառաջադրեցին վարչապետի իրենց թեկնածուների, ինչից հետո խորհրդարանը երկու անգամ չընտրեց նախկին լրագրող թեկնածուին»,- շարունակում է պարբերականը:
Հոդվածի հեղինակը նկատում է, որ չնայած «թավշյա հեղափոխության» առաջնորդն արդեն ձեռնարկել է որոշակի կտրուկ քայլեր՝ նրա գլխավոր նախընտրական խոստումը շարունակեց մնալ կոռուպցիայի դեմ պայքարը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նախնական արդյունքներով՝ խորհրդարան են անցել 3 ուժ՝ «Իմ քայլ»-ը դաշինքը ստացել է 70.44%, ԲՀԿ-ն՝ 8.27% «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37% ձայներ: