Ադրբեջանը նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը՝ հնարավորինս սահմանափակելով արցախցիների անօտարելի բազմաթիվ իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների իրացումը
ՀասարակությունԱրցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում նշվում է. «Ադրբեջանը վերջին օրերին սկսել է թիրախավորել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի կողմից նկարահանվող «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային գործընկերներին՝ հրապարակային և փակ ճնշում գործադրելով նրանց վրա, որպեսզի զերծ մնան ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց և Արցախ այցելելուց: Մասնավորապես, որոշակի ճնշումներ են արձանագրվել լիտվացի կինոարտադրող Կեստուտիս Դրազդաուսկասի հանդեպ՝ ոտնահարելով նրա տեղաշարժի ազատությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքներ: Ադրբեջանն այդ քայլերով հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը՝ հնարավորինս սահմանափակելով արցախցիների անօտարելի բազմաթիվ իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների իրացումը: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի հայատյաց քաղաքականությունը, որը դրսևորվում է նաև հայության հետ համագործակցող օտարերկրացիների հանդեպ: Այդպիսի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը և Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները»: