Բոլոր բաղադրիչները պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն (պատրաստելուց 60-90 րոպե առաջ սառնարանից պետք է նախապես հանել)։
Ձվի թարմությունը որոշելու համար պետք է այն ընկղմել ջրով լի բաժակի մեջ. եթե ձուն սուզվում է բաժակի հատակը, նշանակում է թարմ է և՝ հակառակը։
Բաղադրատոմսերի մեջ buttermilk ասվածը կարելի է փոխարինել 1 բաժակ կաթի մեջ 1 թ/գդ քացախի խառնուրդով։
Բաղադրիչների ճիշտ քանակությունը որոշելու ամենաճիշտ տարբերակը էլեկտրոնային կշեռքն է։
Մեկ ձուն միջինը կշռում է 37-40 գրամ , որից 20-ը մոտավորապես դեղնուցն է։ Ձուն ավելի լավ է առանձնանում, երբ սառած է լինում, իսկ հարելու համար ամենահարմարը տաք սպիտակուցներն են։
Սպիտակուցները կարելի է սառեցնել սառցախցիկում (հերմետիկ փակված ամանի մեջ), իսկ օգտագործելուց 1 օր առաջ պետք է հանել այնտեղից։
Վանիլինի փոխարեն ցանկալի է վանիլի էքստրակտ կամ էսենցիա օգտագործել։
Ձվերը սենյակային ջերմաստիճանի դարձնելու համար անհրաժեշտ է դրանք պարզապես տաք ջրով լի բաժակի մեջ ընկղմել։
Կարագը սենյակային ջերմաստիճանի բերելու համար պետք է մանր-մանր կտրատել և դնել ափսեի մեջ։
Ցանկացած բաղադրատոմսում մուգ շոկոլադը կարելի է փոխարինել կաթնայինով և՝ հակառակը։
Եթե բաղադրատոմսում կարագի կողքին ոչ մի նշում չկա` միշտ օգտագործեք ոչ աղի սերուցքային կարագ։
Կարևոր խորհուրդներ թխվածքներ պատրաստելիս
Բաղադրիչների խառնելու ընթացքը
Չոր բաղադրիչները ցանկալի է լավ խառնել նախքան հեղուկ բաղադրիչներին ավելացնելը:
Շաքարավազն ու կարագը հարելիս պետք չէ ծուլանալ։ Իդեալական տարբերակում պետք է ստանալ սպիտակ թեթև զանգված, որի համար հարկավոր է հարել այն 5-8 րոպե։
Երբ չոր բաղադրիչները հեղուկ բաղադրիչների հետ եք խառնում, առաջինը պետք է չոր բաղադրիչները լցնել։
Խմորի կամ չոր բաղադրիչների վրա ձուն կոտրելուց հետո պետք չէ զանգվածը շատ խառնել: Պարզապես պետք է հարել մինչև համասեռ զանգվածի ստանալը:
Շաքարավազը լցնելիս պետք է զգույշ լինել. շատ շաքարավազի դեպքում թխվածքի վրա մուգ կեղև է առաջանում, իսկ քիչ շաքարավազի դեպքում կեղևը բաց գույնի է լինում, խմորը` ձիգ։
Պետք չէ ալյուրի չափաքանակը չարաշահել, քանի որ շատ ալյուրի դեպքում խմորի վերևում ճաքեր են առաջանում։
Ձվի դեղնուցները խմորի մեջ գցելուց առաջ ցանկալի է դրանք առանձին հարել բաժակում:
Եթե մեկ պտղունց աղը քաղցր խմորի մեջ գցենք, այն ավելի կուժեղացնի մյուս բաղադրիչների բույրը։
Սպիտակուցային զանգվածը խմորին ավելացնելիս պետք է շատ զգույշ խառնել՝ վերևից ներքև շարժումներով:
Մերենգայի համար սպիտակուցները հարելիս պետք է տվյալ ամանը մաքրել մի քանի կաթիլ կիտրոնահյութով կամ քացախով թրջված անձեռոցիկով։
Եթե խմորի մեջ տարբեր բուրավետիչներ ենք ավելացնում, ավելի լավ է սկսել վանիլինից, քանի որ այն ուժեղացնում է այլ բուրավետիչների համը։
Կարևոր խորհուրդներ, որոնք պետք է հաշվի առնել խմորեղեն թխելիս
Եթե պատրաստում եք բազմաշերտ խմորեղեն, ավելի լավ է խմորը բաժանել հավասար մասերի և առանձին թխել ամեն շերտը:
Խմորը ձևամանի մեջ լցնելուց հետո պետք է դանակով հավասարեցնել այն։
Խմորը պետք է լցնել ձևամանի մեջ 1/2-2/3-ի չափից ոչ ավել։
Թխվածքներ պատրաստելիս ավելի լավ է առաջնորդվել ջեռոցի առանձնահատկություններով և ինքնուրույն կարգվորել բաղադրատոմսում նշված ջերմաստիճանը։
Միշտ պետք է սպասել, որ ջերմաստիճանը ջեռոցում անհրաժեշտ աստիճանի հասնի, հետո նոր թխել խմորեղենը։
Խմորով լի ձևամանը պետք է աշխատել ջեռոցի մեջտեղի հատվածում դնել (եթե մի քանի ձևամաններով ենք թխում, որքան հնարավոր է եզրերից հեռու)։
Որպեսզի տորթը հավասար թխվի, 20 րոպեից (բայց ոչ շուտ) ձևամանը պտտում ենք հակառակ կողմի վրա (իհարկե, սա չի վերաբերվում բիսկվիթային խմորներին):
Խմորեղենը հարկավոր է միշտ թխել ջեռոցի մեջտեղի դարակում, եթե բաղադրատոմսում հատուկ նշված չի կոնկրետ դարակը:
Սովորաբար, թխվածքի պատրաստ լինելը կարելի է զգալ խոհանոցում տարածված բույրով
Եթե ուզում ենք լուցկու օգնությամբ (եթե լուցկին չոր է դուրս գալիս, ուրեմն խմորեղենը պատրաստ է) փորձել տորթը պատրաստ է, թե ոչ, ապա պետք չէ տորթը ջեռոցից ամբողջովին հանել։ Կարելի է զգուշությամբ մի փոքր բացել ջեռոցի դուռը և շատ արագ ստուգել թխվածքի պատրաստ լինելը:
Կարկանդակը ջեռոցում պետք չէ երկար թխել, քանի որ այն ավելի չոր է դառնում։
Ինչպես ճիշտ սառեցնել թխվածքը և պատել կրեմով
Ցանկալի է թխվածքը ջեռոցում ցանցի վրա 10 րոպե թողնել, հետո նոր հանել ջեռոցից։
Քափքեյքերը պետք է անմիջապես ձևամանից հանել, այնուհետև դնել ցանցի վրա, որ սառչեն։
Կտրատելուց կամ կրեմ քսելուց առաջ թխվածքի սառած շերտերն անհրաժեշտ է սննդային փաթեթով փաթաթել և 30 րոպեով տեղափոխել սառցախցիկը։
Կրեմը քսելուց առաջ սիլիկոնե փուզայով անհրաժեշտ է տորթի վրայից բոլոր փշրանքները մաքրել։
Որպեսզի թխվածքի շերտերի միջև կրեմը հավասար չափով լցվի, անհրաժեշտ է կլոր անցքերով հրուշակեղենային պարկերի մեջ լցնել այն, ապա զոլերով լցնել խմորի վրա:
Կրեմը սկզբում հարկավոր է քսել բարակ շերտով` բոլոր մասերը ֆիքսելով։ Այնուհետև դնել սառանարանը 30 րոպեով, հետո քսել կրեմի մնացած մասը (սա կոչվում է breadcrumbs coating)։
Եթե տորթը կրեմով պատելու ժամանակ չունեք, կարող եք շաքարի փոշի կամ կակաո ցանել` դրանք հրաշքներ են գործում։
Եթե ուզում եք, որ տորթն ավելի փայլուն լինի` մատուցելուց առաջ զգուշորեն ֆենով տաք օդ փչեք տորթի վրա։