Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով երկրորդ դատավորը ևս ինքնաբացարկ է հայտնել. Hetq.am
ՀասարակությունԴատավոր Դավիթ Գրիգորյանը, որին մակագրվել էր երկրորդ նախագահ Ոոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը, ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը: Պաշտպանի խոսքով` դատավոր Գրիգորյանը ինքնաբացարկի երեք էջանոց որոշման մեջ նշել է, թե ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել: Այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, այն կքննվի վաղը՝ հունվարի 14-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում: Նշենք, որ օրեր առաջ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ քննիչը և դատախազը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նաև դատավոր Նելլի Բաղդասարյանին, և վերջինս միջնորդությունը բավարարել էր: «Ես ինքնաբացարկների այս տարափը բացատրում եմ նրանով, որ Ռոբերտ Քոչարյանին առանց օրենքը խախտելու հնարավոր չէ պահել անազատության մեջ, և դատավորները դա լավ հասկանում են: Մյուս կողմից՝ նրանք չեն կարող Քոչարյանին ազատ արձակել, որովհետև տեսնում եք, թե ինչ է կատարվում. հիմա էլ անցել են հրապարակային ակցիաների միջոցով շանտաժ անելուն, և ես կարծում եմ, որ իշխանությունները սա խրախուսում են»,- անդրադառնալով ինքնաբացարկների պատճառներին՝ ասաց Հայկ Ալումյանը: Նշենք, որ Քաչարյանին գրավով ազատելու և նրա կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվելու են մեկ վարույթում:
Շարունակությունը՝ hetq.am