Եթե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարելավվի՝ նա կմասնակցի իր խափանման միջոցի հարցի քննությանը. պաշտպան
SocietyԱպօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ յուրացումների մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանը չի մեկնել Արցախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդարյանը՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունները։
Նա նշեց, որ պաշտպանական կողմն ամենօրյա ռեժիմով շփվում է Գրիգորյանի հետ։
Անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, փաստաբանն ասաց. «Մանվել Գրիգորյանի շաքարը 25-30–ից չեն կարողանում իջեցնել, առողջական լուրջ խնդիրներ ունի։ 24–ժամյա ռեժիմով տարբեր բժիշկներ աշխատում են նրա հետ»,–ասաց նա՝ նշելով որ, եթե Գրիգորյանի առողջական վիճակը բարելավվի՝ նա կմասնակցի իր խափանման միջոցի հարցի քննությանը։
Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանա Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը, որը հետաձգվել էր հունվարի 11–ին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: