2014–ի ձեռնարկը՝ որպես նախագիծ, կամ՝ երբ «վերատպում» է ԿԳՆ–ն. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԿԳՆ–ն 2018 թվականի դեկտեմբերի 12–ին հանրային քննարկման է ներկայացրել «Մանկավարժի վարքականոն» (էթիկայի նորմերը) նախագիծը: Հանրային քննարկման վերջնաժամկետը հունվարի 20–ն է: Նախագիծն արդեն հասցրել է մասնագիտական դաշտի քննադատություններին արժանանալ, բայց ամենաուշագրավն այն է, որ այս նախագիծն ասոցացվում է դեռևս 2014 թվականին «Դպրոց–կենտրոնների միության» կողմից տպագրված՝ ուսուցչի էթիկայի նորմերի ձեռնարկի հետ: Միության կայքում նշված է, որ 2013–2014թթ. տպագրվել է ուսուցչի էթիկայի նորմերը կարգավորող ձեռնարկ, որը տրամադրվել է ՀՀ բոլոր դպրոցներին: Մի քանի մասնագետներ մեզ հետ զրույցում այս օրերին բարձրաձայնում են այն մասին, որ 2014 թ. տպագրված ձեռնարկը վերջին օրերին ուղղակի որոշակի խմբագրում է անցել ու որպես նախագիծ գրեթե նույնությամբ ներկայացվել քննարկման: Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը համեմատեցինք ԿԳ նախագծի հետ: Թեև որոշակի վերաձևակերպումներ արվել էին, բայց, մեծ հաշվով, կարելի է համաձայնել մասնագետների հետ և ասել, որ ԿԳՆ–ն ուղղակի «վերատպել» է ձեռնարկը: Հավելենք, որ «Դպրոց–կենտրոնների միության» նախագահը նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում