Ո՞վ է Շեքսպիրի «Համլետի»... հեղինակը
LifestyleՄենք գիտենք, որ...
«Բոլոր ժամանակների գրող» Շեքսպիրի գրչին են պատկանում այնպիսի համաշխարհային գլուխգործոցներ, ինչպիսին են «Ռոմեոն և Ջուլիետան», «Համլետը», «Օթելլոն» և այլն: Ընդհանուր հաշվով՝ 37 պիես և 154 սոնետ:
Իրականում կարծիք կա, որ այնքան էլ այդպես չէ:
Շեքսպիրի մահից 230 տարի անց առաջացել է, այսպես կոչված, «Շեքսպիրի հարցը»: Բանն այն է, որ հիմնավոր կասկածներ կան, որ համաշխարհային գրականության այս բոլոր գլուխգործոցները Շեքսպիրը չի գրել: Գիտնականներն այս առումով ունեն մի քանի վարկածներ: Ըստ մի վարկածի, Ուիլիամ Շեքսպիր անունը եղել է այդ ժամանակվա դրամատուրգների հավաքական անունը: Մեկ այլ վարկածով այդ անվան տակ ստեղծագործել է Ֆրենսիս Բեկոնը, կամ էլ՝ Քրիստոֆեր Մարլոն, կամ՝ Էդուարդ դը Վերը, կամ՝ Օքսֆորդի 17–րդ գրաֆը, կամ էլ որևէ մի անհայտ գրող: Բանն այն է, որ այս բոլոր գրողները լավ կրթություն ստացած ազնվականներ են եղել: Հստակ է միայն, որ «Շեքսպիր» անունով մարդ այն ժամանակ գոյություն է ունեցել Անգլիայում: Ուիլիամ Շեքսպիրը ծնվել է 1564 թվականին Լոնդոնից 160 կիլոմետր հեռավորությամբ գտնվող, 1500 բնակիչ ունեցող Ստրատֆորդ քաղաքում, իսկ 1585 թվականից դարձել է Լոնդոնի գլխավոր թատրոնի դերասաններից մեկը: Այնուամենայնիվ, ոչ մի փաստաթուղթ կամ գրություն չի գտնվել, որպեսզի ապացուցի այս մարդու ու «Շեքսպիր» հեղինակի անունով ստորագրված ստեղծագործությունների միջև եղած կապը: Բացի այդ, «Շեքսպիրյան» գործերում բավականին մանրամասն նկարագրվում են Էլիզաբեթ թագուհու իշխանության դատարանը, օրենքները, երաժշտությունը, արվեստը, դասականներին, ինչպես նաև բավականին մեծ պատկերացում են տալիս ճանապարհորդությունների, օտար լեզուների մասին և այլն: Նշենք, որ Շեքսպիրի գրվածքների բառապաշարը մոտավոր հաշվարկներով կազմում է 17 500–ից 29 000 բառ: Համեմատության համար ասենք, որ Ավետարանում այն 5 000 բառ է: Սակայն ստրատֆորդցի այս դերասանը ազնվական չի եղել: Նա միջին խավի մարդ էր, որը համալսարանական կրթություն չուներ և դժվար թե այդպիսի բառապաշար ունենար: Չեն պահպանվել անգամ տեղեկություններ, որ Ուիլ յամը ընդհանրապես կրթություն է ստացել: Ասենք, որ չնայած նրա ծնողները ունևոր արհեստավորներ են եղել, բայց գրել ու կարդալ չեն իմացել, նրանք ստորագրում էին խաչ դնելով, անգրագետ են եղել նաև Ուիլյամի 7 քույր–եղբայրները: Իր՝ Շեքսպիրի բազմաթիվ ստորագրություններից շատերը պահպանվել են օրիգինալ փաստաթղթերում և ոչ մի փաստաթղթում նա իր անունը չի գրել այն ձևով, որը օգտագործվում է ներկայումս, այսինքն տառասխալներով է գրել իր անուն ազգանունը և անընթեռնելի: 18 տարեկան հասակում Շեքսպիրը ամուսնանում է ստրատֆորդցի հողատիրոջ՝ իրենից 8 տարով մեծ և հղի աղջկա հետ (նրանք իրենց համատեղ կյանքում երեք աղջիկ են ունեցել, որոնք ևս անգրագետ են եղել): Շեքսպիրը դրանից հետո երկու կյանք է վարել: 36 տարեկանում նա արդեն հայտնի դրամատուրգ և դերասան էր Լոնդոնում, իսկ իր հայրենի քաղաքում՝ Ստրատֆորդում, որտեղ ապրում էին կինն ու երեխաները, հայտնի էր որպես շատ հարգված գործարար և սեփականատեր: Նա հաճախ էր այցելություններ կատարում Ստրատֆորդ: Միևնույն ժամանակ նա որպես հարուստ մարդ հանդիսանում էր դերասանների կողմից ստեղծված «Գլոբուս» թատրոնի համասեփականատերերից մեկը: Ուիլիամը չէր խաղում մեծ դերեր, քանի որ շատ զբաղված էր, ղեկավարում էր թատրոնը և անընդհատ տեղափոխվում էր Լոնդոնից Ստրատֆորդ, որտեղ իր ընտանիքն էր ապրում: Ուիլիամ Շեքսպիրի արտաքինի մասին գրավոր տեղեկություններ չկան, չեն պահպանվել նաև նրա կենդանի ժամանակվա դիմանկարներ: Նրա արձանները և դիմանկարները սկսել են ստեղծել մահից հետո: Շեքսպիրը մահացել է 52 տարեկան հասակում՝ իր հարազատ Ստրատֆորդ քաղաքում: Եվս մեկ փաստ: Նրա կտակում ոչ մի խոսք չկա անավարտ գործերի և ձեռագրերի մասին: Ընդհանրապես Շեքսպիրի ձեռքով գրված որևէ ձեռագիր չի հայտնաբերվել: Ստացվում է, որ Ուիլիամ Շեքսպիր անունով գրողի վերաբերյալ ոչ մի գրավոր ապացույց չկա, կան միայն ապացույցներ Ուիլիամ Շեքսպիր անունով գործարարի և անշարժ գույքի սեփականատիրոջ մասին:
Ինչպես հիմա են փողի դիմաց դիսերտացիաներ գրվում և ներկայացվում ուրիշի անունով, հնարավոր է, որ այն ժամանակ էլ հարուստ Շեքսպիրն էր ստեղծագործություններ գնում աղքատ որևէ մեկից և իր անունով հրատարակում:
Երևում է՝ Համլետի արտահայտած հռետորական հանրահայտ արտահայտությունը՝ «Լինել, թե չլինել», պետք է ձևափոխվի և արտահայտվի ավելի ընկալելի ձևով. «Եղե՞լ է, թե՞ չի եղել Շեքսպիրը, սա է հարցը»:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը