Թբիլիսիի բնակելի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել. կա 4 զոհ, որից մեկը 4 տարեկան երեխա | ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀասարակությունԹբիլիսիի Դիդի (Մեծ) Դիղոմի թաղմասում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Իմեդի հիվանդանոց տեղափոխված 4 տարեկան փոքրիկը ևս մահացել է:
Իմեդի կլինիկայի բժիշկը հաստատել է տեղեկությունը: Մասնագետներն ասել են, որ երեխան գանգուղեղային բազմաթից վնասվածքներ է ունեցել՝ կյանքի հետ անհամատեղելի: Մի քանի անգամ սրտի կանգ է արձանագրվել:
Փոքրիկի անունն ու սեռը չի նշվում, ասվում է միայն, որ նա երկվորյակ եղբայր կամ քույր ունի, ով չի տուժել, այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ Իաշվիլիի անվան կլինիկայում: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ պայթյունի զոհ է դարձել նաև երեխաների մայրը:
Ընդհանուր առմամբ Իաշվիլի հիվանդանոցում այժմ պայթյունից տուժած 6 երեխա կա: Ըստ բժիշկների՝ նրանց մեծ մասը վաղը դուրս կգրվի, բոլորի վիճակը բավարար է:
Հիշեցնենք՝ ժամեր առաջ Թբիլիսիի ծայրամասային թաղամասում բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքում տեղում մահացել էր 3 բնակիչ: Նշվում էր, որ պատահարից տուժածների մեծամասնությունը երեխաներ են: