Փաշինյանը հայտնագործել է հայ ժողովրդի երջանկության բանաձևը
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնագործել է հայ ժողովրդի երջանկության բանաձևը։ Շնորհավորում ենք. դուք այսուհետ կարող եք լինել երջանիկ, քանի որ այլևս հայտնի է, թե ինչ է հարկավոր երջանիկ լինելու և լավ ապրելու համար։
«Ես բանաձև ունեմ, որ մեր երկրում իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ կրպակներն են, որ ամենուրեք կան, և երրորդը՝ ավտոմեքենաների կմախքներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»,- այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ դրանք լուրջ խնդիրներ համարելով:
Գուցե հասարակ քաղաքացիներիս համար դժվար է ըմբռնել երկրի առաջնորդի ներկայացրած բանաձևերը և մեր՝ «ՀՀ հպարտ քաղաքացիներիս» մտքով անգամ չէր կարող անցնել, որ կրպակները վերացնելով՝ կարելի է բարելավել երկրում տիրող իրավիճակը՝ արմատախիլ անել մենաշնորհները, օլիգարխիան, կոռուպցիան: Հետևաբար, անհրաժեշտ է բարձր ինտելեկտ՝ վարչապետի մտքի գոհարներն ընկալելու համար:
Նման պրիմիտիվ խնդիրներին տալ առաջնայնություն և տապալել երկրի արտաքին ու տնտեսական քաղաքականությունը, վարել ոչ կոմպետենտ կադրային քաղաքականություն՝ խոսում է միայն մեր երկրի իշխանությունների անհեռատեսության մասին։
Ստացվում է՝ մինչև հեղափոխությունը մարդիկ չէին հասկացել, որ լավ ապրելու համար ընդամենը երեք բան է հարկավոր, ինչն էլ այսօր բացահայտեց վարչապետը։ Չնայած՝ թերևս, աղբը մաքրելու մասով, ճիշտ նկատառում է կատարել Նիկոլ Փաշինյանը․ իշխանությունների ներսում եղած աղբն արդեն մաքրելու ժամանակն է։