«60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել». Սասուն Միքայելյան
ՀասարակությունԻմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր որդու՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի կողմից Հրազդանում գիշերային ակումբների գործունեությունը դադարեցնելու որոշմանը:
«Սևակը չի դրել փակում էդ ակումբները, ընդամենը լիցենզիա չի տալիս, որ էդ ձևաչափի մեջ էդ ակումբները գործեն: Թույլտվություն տալիս ա քաղաքապետարանը, բնակիչներից շատ բողոքներ կան, որ նման բաներ են լինում, այնտեղի երիտասարդները պարտքերի տակ են ընկնում, գումարներ են վերցնում, գնում են, մասնակցում են: Շատ մեծ պրոբլեմների առաջ ա կանգնել ազգաբնակչությունը, ընտեղ հարբեցողության տեղ ա: Դեպքեր են եղել, դանակահարություն, կարաք դիմեք ոստիկանություն, կասեն»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Միքայելյանը հստակեցնելով նշեց՝ խոսքը 10 ակումբի մասին է: Իսկ այդ որոշման առիթով քննադատություններին էլ պատասխանում է` պարտադիր չէ գիշերային ակումբներն այդ ձեւաչափով գործեն, թող լինեն ակումբներ, որտեղ մարդիկ իրենց ժամանցը կանցկացնեն: Նա պնդում է, որ իր քաղաքապետ որդին կամայական որոշում չի կայացրել, այլ ընդառաջ է գնացել ազգաբնակչության բողոքներին: Լրագրողի դիտարկմանը`դրանք հասարակաց տա՞ն կարգավիճակ են ունեցել, պատասխանեց. «Ես նման բան չասացի, բայց ազգաբնակչությունը բողոքում է»: «Ես չգիտեմ՝ ես 60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել, չգիտեմ ինչեր են կատարվում»,- ասաց նա` հավելելով, որ ինքը չի խառնվում Սեւակի գործերին, բայց այս տարիների ընթացքում որպես պատգամավոր միշտ այդ բողոքները լսել է: