Արցախի հերոսի կալանավորումը շատ դուր կգա հարևան երկրին. Մանվել Գրիգորյանի պաշտպան
ՔաղաքականԳեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների համար կանխատեսելի էր և սպասելի էր Գրիգորյանին կրկին կալանավորելու դատարանի որոշումը։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։
«Որոշումը կանխատեսելի էր՝ պայմանավորված նախագահող դատավարի անձով, հաշվի առնելով այն, որ երկու անգամ դատավորին բացարկ հայտնեցինք, սակայն նա մերժեց մեր միջնորդությունները»,- ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ դատարանի այս որոշումը կուրախացնի հարևան Ադրբեջանին.
«Հարևան երկրում շատ կուրախանան այս որոշումից, Արցախի հերոսի կալանավորումը, որպես փաստ շատ դուր կգա նրանց, դա նրանց լոբբինգի համար լավ նվեր էր»,– ասաց նա։
Պաշտպանը չբացառեց, որ դատարանի որոշումն ուսումնասիրելուց հետո Գրիգորյանի հարցով գանգատ ներկայացնեն ՄԻԵԴ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։