Պարգևատրումների քաղաքական տողատակը. իշխանությունը՝ լոյալության փնտրտուքի մեջ. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերի ամենաքննարկվող թեման շարունակում է մնալ պետական ապարատում աղմկահարույց պարգևավճարների հարցը: Ամեն հաջորդ օր պարզվում է, որ պարգևավճարներ ու ինքնապարգևատրումներ եղել են գրեթե բոլոր մարզերում, այդ թվում Երևանի քաղաքապետարանում: Վերջինիս պարգևավճարներն, ընդ որում, էականորեն բարձր են եղել այլ գերատեսչությունների պարգևատրումներից: Եթե պարգևավճարումների թեման շարունակի մնալ տեղեկատվական դաշտի առաջին հորիզոնականներում, չի բացառվում, որ բանը հասնի նաև կառավարության աշխատակազմին ու նախարարություններին:
Ինչևէ, արդեն ակնհայտ է, որ սկանդալային պարգևատրումների թեման առանձին վերցրած դեպք չէ մեկ կամ երկու մարզպետարաններում: Այն կրել է համակարգային բնույթ: Ասել է թե, գործ ունենք կամ համակարգային անգործության, կամ, ինչպես վերջին օրերին նշում են իշխանության ներկայացուցիչները, իներցիայի ու իներցիայով եկող անորոշության հետ: Կամ էլ ընդհակառակը՝ գործ ունենք միասնական քաղաքական որոշման կամ դիրքորոշման հետ, որն էլ խրախուսել է համակարգային պագևատրումները: Հաշվի առնելով ներկայիս իշխանության խիստ անձնակենտրոն վիճակը, դժվար է պատկերացնել մի երևույթի համակարգային դրսևորում ու չպատկերացնել Փաշինյանի ներգրավվածությունը: Փաշինյանն, ըստ էության, տեղյակ է եղել ու բացասական չի արտահայտվել, ինչի մասին նա ասաց երեկ՝ ուղիղ եթերում: Ինչպես վարչապետն է ասում՝ մինչև աշխատավարձերի «թնջուկը լուծվի»: Սա կարևոր հանգամանք է, որովհետև եթե Փաշինյանը տեղյակ չլիներ, առնվազն կնշանակեր, որ նույնիսկ անձնակենտրոնությունը ներկայիս իշխանության ներսում ամբողջովին ֆունկցիոնալ չէ: Հաշվի առնելով, որ հակակշիռների որևէ մեխանիզմ ներկայիս իշխանության ներսում չկա, ապա անձնակենտրոնության հանգամանքի խափանումը ծանր մտորումների կբերեր, որովհետև եթե անձնակենտրոնությունն էլ ֆունկցիոնալ չէ, ապա ֆունկցիոնալ չէ ոչինչ: Սակայն, ըստ էության, երեկ փաստվեց, որ գործ ունենք եթե ոչ ուղղակի որոշման կամ հրահանգի, ապա առնվազն անուղղակի դրական վերաբերմունքի հետ:
Ի՞նչ կարող է սա նշանակել: Վերջին օրերի հարցազրույցներում պարգևատրման սկանդալներում հայտնված պաշտոնյաները նշում են, թե այդպիսով խրախուսել են ոչ կոռումպացված պետական ծառայողներին, ինչպես նաև փորձել են կանխել հնարավոր կադրային կոլապսը: Փաստորեն հընթացս խոստովանելով կադրային կոլապսի հավանականությունը՝ իշխանությունները նաև հաստատում են, որ ունեն խնդիր՝ իշխանությունը պահելու խնդիր: Խոսքն այս դեպքում երկու կողմ ունի: Մի կողմից՝ իշխանությունը կարիք ունի ուրվագծել ու ամրապնդել թիմի վերին օղակների սահմանները: Մյուս կողմից՝ կա խնդիր լոյալություն ցույց տալ միջին և ստորին օղակներին, որոնք նոր իշխանությունների հետ ունեն որոշակի մտայնություններ:
Իհարկե, բավական հուսալքող է, որ պետական ապարատի աշխատանքի արդյունավետությունը կարող է կախված լինել 13–րդ աշխատավարձից, հատկապես, եթե այդ 13–րդ աշխատավարձի չլինելուց բխեցվում է կադրային կոլապսի խնդիրը: Բայց մյուս կողմից էլ օբյեկտիվորեն իշխանությունն ունի ադմինիստրացիոն ռեսուրս ձևավորելու կամ եղածի հետ հարաբերվելու խնդիր: Այսինքն, մի կողմից փորձ է արվում վերացնել կոռուպցիոն քամիների հնարավորությունը, մյուս կողմից էլ, սակայն, փորձ է արվում այդ քամիների պոտենցիալ բարիքները փոխհատուցել օրինական ճանապարհով: Տրամաբանական մոտեցում է, գուցեև աշխատող, սակայն կարճաժամկետ: Որովհետև անխտրական պարգևատրումները, եթե նույնիսկ մեծացնում են նոր իշխանության հանդեպ պետական ապարատի լոյալությունը, այնուամենայնիվ, չեն լուծում այդ նույն ապարատի արդյունավետ աշխատանքի խնդիրը: Ստացվում է, որ կանգնած լինելով կադրային սովի շեմին՝ իշխանությունները փորձում են պարզապես կոռուպցիոն «կողմնակի եկամուտ» կոչվածը լեգալացնել:
Ինքնին պարգևատրումների ինստիտուտը ողջունելի է: Սակայն այս դեպքում այն կիրառվել է ոչ թե պետական ապարատի արդյունավետությունը բարձրացնելու, այլ քաղաքական նպատակներով, որոնք գուցեև իշխանության համար ոչ պակաս կենսական են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում