Կառավարության ծրագիր թե՞ կառավարելի քաոս

Եվ այսպես վերջապես փետրվարի 6-ին կառավարության նիստում քննարկվեց կառավարության ծրագրի նախագիծը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասաց, որ նախագծում արտացոլված են կառավարության հիմնական նպատակներն ու խնդիրները, առանցքային սկզբունքները։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ բովանդակային առումով խնդիրներ չունեն, տեքստում խմբագրական խնդիրներ կան և մինչև վերջնաժամկետը՝ ամսի 8-ը, խմբագրված տարբերակը կուղարկեն ԱԺ։ 
Առաջին հայացքից` սովորական տեղեկություն է, արտառոց ոչինչ` կառավարությունը նիստում քննարկել է իր ծրագրի նախագիծը, որ այսօր ներկայացվելու է ԱԺ: Իրականում նոնսենս է, երբ փոխվարչապետը հայտարարում է, որ սա դեռ ծրագիր չէ, այլ չգիտեմ ինչ, որի ԱԺ-ում հաստատումից հետո միայն կառավարությունը ձեռնամուխ կլինի «դրանից բխող միջոցառումների ծրագրի ձևավորման և հաստատման գործընթացին, որի արդյունքում մանրամասն կամրագրվեն հիմնական թիրախները, նպատակային ցուցիչները, չափելի արդյունքները և ժամկետներն արդեն ըստ ոլորտների»:

Այսինքն` ԱԺ-ին ի՞նչ է ներկայացվում` մտադրությունների ժողովածու՞. առանց թիրախների, նպատակային ցուցիչների, չափելի արդյունքների ու ժամկետների` ըստ ոլորտների: Եվ ե՞րբ կիրականացվի այդ տիտանական աշխատանքը: Ինչո՞վ էր կառավարությունը զբաղված մինչև հիմա: ՈՒ՞մ է պետք 70-էջանոց նախագիծը` առանց թիրախ-ցուցիչ-արդյունք-ժամկետի: Աժ պատգամավորները համատեղության կարգով պայծառատեսնե՞ր են, որ կարդան ու պատկերացնեն «դրանից բխողը», գնահատեն ու վերաբերմունք արտահայտեն: Առավել ևս, որ վարչապետը բովանդակային խնդիրներ չի տեսնում, ընդամենը` խմբագրական: Եվ ճիշտ է անում` բովանդակային խնդիրներ տեսնել բառակույտում, նվազագույնը արդար չէ:

Երբ 2018-ին էր նորընտիր Փաշինյանը կառավարության ծրագիր ներկայացնում Աժ-ին` առանց թվերի, հռչակագրային, լավագույն մտադրությունների հավաքածու, ինչ-որ չափով հասկանալի էր` ժամանակ չէր եղել, անցումային կառավարություն էր` մինչև Աժ արտահերթ ընտրություններ, փոփոխությունները նոր էին սկսվում, ու հույս կար, որ հընթացս հարցերը կլուծվեն հեղափոխության նպատակների ու տրամաբանության հանգույն: Վերջապես` կես տարուց ավելի ժամանակը նաև նոր կառավարության ծրագիրը պատկերացնելու ու ամբողջացնելու համար էր: Պարզվում է` Կառավարությունը ինքն իրեն միայն ԱԺ հաստատումից հետո է պարտավորված համարում …ծրագիր ունենալ: Մեղմ ասած` ինքնատիպ է: 
Ոչ վարչապետը, ոչ կառավարության 12 առաքյալները չեն ընդունում, որ այլևս 100 օր չունեն, իրենց 100 օրը 2018-ին սպառվել է ու 2019-ը աշխատանքի ժամանակն է: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի տարեմուտին հայտարարած տնտեսական հեղափոխությունը սկսելու: Ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում են սպասում, թե ինչ ռազմավարություն ու մարտավարություն կունենա նոր կառավարությունը, ինչ գերակայություններ` տնտեսության զարգացման ու մթնոլորտի փոփոխության, Հայաստանն աշխարհի զարգացող պետությունների շարքում դնելու համար: Եվ միանշանակ` համեմատելու են նախորդ կառավարությունների ծրագրերի հետ` տարբերությունները տեսնելու ու համոզվելու, որ Հայաստանում ռեալ փոփոխություններ են ու ճիշտ ժամանակն է ռեալ աշխատանք սկսելու համար` ոչ միայն ներդրումների, այլև տունդարձի:

Առավել ևս, որ «նախորդ հանցավոր ռեժիմի» քննադատության պակաս չի եղել, ուրեմն պիտի լիներ նրանց չարածների ու սխալների նպատակային ու արդյունավետ ուղղում: Ոչինչ, որ ռեալ կյանքում այդ «ուղղումները» չեն երևում, բայց ծրագրում պիտի լինեն: Ոչինչ, որ «սիրո ու համերաշխության հեղափոխությանը» հաջորդել է թշնամանքի ու անհանդուրժողականության մթնոլորտը, որին իշխանությունը չի հակազդում: 

Ծրագրում նշված է, որ արտաքին քաղաքականությունն իրականացնելիս կառավարությունն առաջնորդվում է ՀՀ և հայ ժողովրդի հավաքական շահերով: Այդ դրույթներով կառավարությունն ասում է, որ իր համար գերական ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացումն է, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում անդամակցության արդյունավետության բարձրացումը, հետո միայն` ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի, Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման ընդհանուր ձևակերպումներն են` ճիշտ ինչպես առաջ: Ոչինչ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիր է ստորագրվել, որը խելամիտ քաղաքականության դեպքում կարող է ու պետք է դառնա ՀՀ տնտեսական զարգացման, նոր տեխնոլոգիաների ձեռքբերման, արտահանման մեծացման, աշխատատեղերի ստեղծման միջոց: Վերջապես` ինքնիշխանության վերականգնման, մեկուսացումից դուրս գալու, քաղաքական հավասարակշռություն ու արտաքին քաղաքականության ճկունության համար այլընտրանք ստեղծելու:

Տրամաբանորեն կառավարությունը նախ պիտի ծրագիր ունենար, հետո որոշարկեր իր կառուցվածքը` ըստ ծրագրի կատարման անհրաժեշտությունների: Փաստացի` կառավարության կառուցվածքի վերջնական տեսքը մնում է անհայտ, հայտնի մասով ունենք 12 նախարարություններ: Եվ հարց է` կառավարությունը կարո՞ղ է իր հայտնի կառուցվածքով իրականացնել իր դեռ անհայտ ծրագիրը: Եթե կառավարության ծրագիրը ԱԺ-ում հաստատումից հետո նոր միայն մշակվելու է, ինչքա՞ն ժամանակ է պետք, որ կառավարությունը իր վերջնական տեսքով ձեռնամուխ լինի իր վերջնական ծրագրի կատարմանը: Այդ ընթացքում նախընտրական խելքից-մտքից դուրս, շռայլ խոստումների կատարմանը սպասող մարդկանց զբաղեցնելու են «բռնեմ-բաց թողնեմ» ծրագրո՞վ: Լևոն Տեր-Պետրոսյանը անեկդոտնե՞ր կպատմի, Սամվել Բաբայանը կսպառնա, որ ուզում է Արցախի նախագա՞հ դառնալ` «ժողովրդի պարտադրանքով», ՀՅԴ-ն ՌԴ դեսպանին կզեկուցի իր ծրագրերն ու նպատակները, որ հավանությու՞ն ստանա, մտահոգված ՀՀԿ-ն «Նիկոլ, հեռացիր»-ի՞ն կանցնի, ՊԵԿ-ը 160000-ով ՀԴՄ-ներ գնածների 100000-ները կվերադարձնի, իսկ չգնածներին 60000-ով կվաճառի՞, ԱԱԾ-ն նախագահական եռյակի հարցաքննությունները կամբողջացնի՞ կամ ո՞չ, և այլն, և այլն…

Դեռ ինչքա՞ն Նիկոլ Փաշինյանին կհերիքի ՀՀԿ-ի ու հատկապես Սերժ Սարգսյանի նկատմամբ հակակրանքի էներգիան: Փաստացի` «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» սակրալ նախադասությունն է առայսօր հնչած միակ ռեալ քաղաքական հայտարարությունը, մնացածը եղել է ընթացիկ ու վկայում է հեղափոխության նպատակների գլոբալ անորոշություն` լոկալ խնդիրների մեջ: 

Անդրանիկ Հարությունյան

 

 

 
Загрузка...
ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող Ալեն Սիմոնյանը պետական օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարում (տեսանյութ) Քաղաքացին աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել Ոստիկանապետը կհրավիրվի ԱԺ. Լիլիթ Մակունց
website by Sargssyan