Նախկինների ու նորերի բախումը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ պետական կազմակերպությունների նախկին ղեկավարներին պաշտոնից հեռացնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ինչպես երևում է, նախկիններն իրենց տեղերում մնալու համար որոշել են համառ պայքար մղել: Գուցե՝ օբյեկտիվորեն, գուցե՝ ոչ, դա չէ էականը: Կան նաև դեպքեր, որ, օրինակ, քաղաքապետի կողմից ստորագրված ազատման մասին որոշումը փորձում են անտեսել, իրենք իրենց դեռ աշխատանքի մեջ համարել և նույնիսկ թույլ չտալ, որ նոր նշանակված անձը մտնի տվյալ հիմնարկություն, էլ չենք ասում պարտականությունները ստանձնելու մասին:
Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց: Այս լուրը, սակայն, պարզվում է, մեղմ ասած, ծափահարություններով չի ընդունվել ո՛չ նախկին տնօրենի, ո՛չ ընկերության աշխատակիցների և ո՛չ էլ ավտոբուսների վարորդների կողմից:
Եվ այդ է պատճառը, որ մայրաքաղաքի ավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերությունների վարորդները մի օր բողոքի ակցիա են կազմակերպում Երևանի քաղաքապետարանի մոտ, մյուս օրը որոշում են այս կամ այն երթուղին չսպասարկել, որպեսզի մի կողմից հասարակության զայրույթը շարժեն, մյուս կողմից էլ ցույց տան, թե համաձայն չեն ընկերության տնօրենի փոփոխման մասին քաղաքապետի որոշման հետ:
Թեմայի շուրջ ծավալվող կրքերն, ամենայն հավանականությամբ, դեռ երկար ժամանակ կշարունակեն թեժ մնալ, անկախ կոնկսենսուսային լուծումներից: Գոնե երեկվա դրությամբ տնօրեն Էլբակ Թարփոշյանը ջանքեր էր գործադրում համոզել քաղաքապետին, որ ընդունված որոշումը չեղյալ հայտարարվի:
Ինչպես «Փաստին» տեղեկացրեց ընկերության աշխատակիցներից մեկը, Թարփոշյանն այս պահին (երեկ ցերեկը) բանակցություններ է վարում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ընկերության ղեկավարի պաշտոնից չհեռանալու համար: Նա տեղեկացրեց նաև, որ ողջ կոլեկտիվը նույնպես ցանկանում է, որ նախկին տնօրենը շարունակի ղեկավարել ընկերությունը, քանի որ հենց նա է յոթ տարի առաջ այն ուշքի բերել ու նորմալ գործող կառույց դարձրել:
Զավեշտալին այն էր, որ երբ զանգահարեցինք ընկերություն և ցանկություն հայտնեցինք ընկերության նորանշանակ տնօրենի ժ/պ Ռուբեն Սարգսյանի հետ զրուցել, մեր զրուցակիցը բավականին ջղային տոնով հարցրեց, թե ո՞վ է ասել, որ Ռ. Սարգսյանն է իրենց տնօրենը:
– Քաղաքապետ Հայկ Մարությանն է օրերս հայտարարել,– հետևեց պատասխանը:
– Բայց դուք տեղյակ չե՞ք, թե դրանից հետո քաղաքում ինչեր են տեղի ունեցել:
– Տեղյակ եմ,– ասացի,– դրա համար էլ զանգահարել եմ, որ տեսնեմ, թե այս պահին ի՞նչ տրամադրություններ կան, կրքերը հանդարտվե՞լ են, թե՞ ոչ:
– Մեր տնօրենը Թարփոշյանն է, մենք ուրիշ տնօրեն չունենք, ոչ էլ ցանկություն ունենք ուրիշ տնօրենի հետ աշխատել: Ինչ վերաբերում է այդ որոշման չեղարկմանը, ապա այս պահին բանակցություններ են ընթանում: Հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Ռ. Սարգսյանի հետ, բայց, ցավոք, չստացվեց: Սակայն, ելնելով դեպքերի յուրօրինակ զարգացումների հավանականությունից, անկախ քաղաքապետի նոր որոշումներից, ընկերության շուրջ ընթացող իրադարձությունները կշարունակեն մեր ուշադրության կենտրոնում մնալ, քանզի, կրկնենք, նույնիսկ Թարփոշյանի վերականգնման դեպքում լուծումը ժամանակավոր է լինելու և խմորը դեռ շատ ջուր է քաշելու:
Ի դեպ, քաղաքապետ Մարությանի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը օրերս տեղեկացրել է, որ ընկերությունը մեծ տնտեսություն է, շուրջ 180 միավոր ավտոբուսով 19 երթուղի է սպասարկում, քաղաքի ամենախոշոր ուղևորափոխադրում իրականացնող օպերատորն է: Այս նկատառումներից ելնելով՝ ղեկավարման փոխանցումն անցավ ու արդյունավետ կազմակերպելու համար սկզբնական փուլի համար որոշվել էր, որ Է. Թարփոշյանը և Ռ. Սարգսյանը կշարունակեն համատեղ ղեկավարել ձեռնարկությունը: Իսկ թե ինչ եղավ հետո, ինչպես ասում են, ֆեյսբուքյան օգտատերերը, շատ հուզիչ էր...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում