Լուրեր կան, թե վարչապետը պատրաստվում է այցելել գործարան, իսկ գործատուն դա օգտագործելու է աշխատողների դեմ
ОбществоԱշխատողի` պետության կողմից երաշխավորված հատուցումը խլելը մարտահրավեր է ժողովրդավարական, իրավական սոցիալական պետությանը, համոզված է փաստաբան Գուրգեն Մալխասյանը: Նա պաշտպանում է մի կոլեկտիվի շահեր, որոնք «հանդգնել» են գործատուից պահանջել արդար քրտինքով վաստակած և շուրջ 13 տարի չվճարված աշխատավարձը՝ գիշերային աշխատանքի դիմաց վճարման ենթակա հավելումը, որը կազմում է մոտ 1 միլիարդ դրամ:
«ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲ ընկերության շուրջ 100 աշխատակից գործատուից պահանջում են վճարել իրենց գումարները, քանի որ նա տարբեր միջոցներով խեղաթյուրում է փաստերը և փորձում շրջանցել օրենքը: Այդկերպ նա կրկնում է իր նախկին վարքագիծը, երբ անարդարացիորեն՝ իրավական կազուսների կիրառմամբ կարողացավ գրպանել նույն այդ աշխատողների հասանելիք՝ վնասակարության համար օրենքով նախատեսված հավելումը:
«Ազգային անվտանգության խնդիր է՝ հովանավորելով գործատուին, խաթարվում է աշխատողների հավատը պետության հանդեպ: Դրանով իսկ ուղղակի վնաս է հասցվում ինչպես աշխատողների ու նրանց ընտանիքների բյուջեին ու շահերին, այնպես էլ սասանվում է երկրի վարկանիշը, բացի այդ, պետությանը պատճառվում է էական նյութական վնաս: Խնդիրն այն է, որ պակաս հաշվարկված և չվճարված աշխատավարձի մոտ 30 տոկոսը որպես հարկ պետք է վճարվեր պետական բյուջե, բայց հավելումների չվճարման արդյունքում չի վճարվել նաև պետական հարկերը»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Գործը քննվում է դատարանում, հայցն ակնհայտ հիմնավոր է, սակայն շրջանառվում են լուրեր, թե վարչապետը պատրաստվում է այցելել «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» գործարան, որի ժամանակ գործատուն կարող է միակողմանի և խեղաթյուրված փաստեր ներկայացնել վարչապետին, խոստանալով նոր աշխատատեղերի ստեղծում և այլն, իրականում թաքցնելով ստրկացուցիչ պայմաններում մարդկանց շահագործումը և հասանելի աշխատավարձի չվճարուման ակնհայտ դեպքերը:
Ի դեպ, այս հայցով հերթական դատական նիստը տեղի կունենա մարտի 9-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, ժամը 17:00-ին:
«Կոչ եմ անում բոլոր շահագրգիռ անձանց ցուցաբերել հոգացավություն, քաղաքացիական կամք և իրական փաստերի մասին հանրային լայն շրջանակներին իրազեկելու ցանկություն, որով կսահմանափակվեն գործատուների կողմից իրականացվող կամայականությունները, որն առավել քան անհարիր է մեր երկրի որդեգրած ժողովրդավարական ուղուն: Հարկավոր է գործով ապացուցել, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ աշխատողն իր աշխատատեղը չկորցնելու համար ստիպված հանդուրժում էր գործատուի բոլոր կամայականությունները:
Իրավական պետություն կառուցելու ուղին անցնում է նաև աշխատողների իրավունքների պաշտպանության կարևորագույն ճանապարհով, ինչը օրվա հրամայական է իրավական պետության կառուցելու համար»,- ասաց Գ. Մալխասյանը:
Նշենք նաև, որ հարցն Orer.am-ի ուշադրության ներքո է, ուստի նոր հանգամանքներ ի հայտ գալուն պես կրկին կանդրադառնանք այս խնդրին: