Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչը
ՀասարակությունՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ն խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է:
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2014թ. ապրիլի վերջին պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ քննչական բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործով Կարապետ Մ.-ին և վերջինիս ընկերներ Միսակ Ս.-ին և ոմն Ռոբերտին չկալանավորելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն ընտրելու դիմաց Միսակ Ս.-ի հոր միջոցով պահանջել է խոշոր չափերով` 826 հազար ՀՀ դրամին համարժեք 2 հազար ԱՄՆ դոլար կաշառք, որի մի մասը հասցրել է ստանալ հիշյալ գործով անցնող անձանց ծնողներից:
Նախաքննությունը շարունակվում է: