Հակառակորդը հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 14 հազար կրակոց
Օրվա իրադարձություններՊաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի hրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:
Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 3-ին` ժամը 04:40-ին, շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք, հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն:Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են պետական սահմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: