ԵԱՀԿ ներկայացուցիչը կայցելի Բաքու` քննարկելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ադրբեջանում առկա խնդիրները
ՀասարակությունԵԱՀԿ դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների գծով գրասենյակի տնօրեն Մայքլ Լինքն ապրիլի 8-9-ին կայցելի Ադրբեջան` քննարկելու այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:
Բաքվում Լինքը մի շարք հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ, որոնցում կքննարկի Ադրբեջանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցությանը վերաբերվող հարցեր:
Սա ԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի պաշտոնում Լինքի` Ադրբեջան կատարելիք առաջին այցն է: Նա ԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվել է 2014 թվականի հուլիսին, այդ պաշտոնում փոխարինելով Յանես Լենարչիչին:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները միաբերան հավաստում են Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի մասին: Նշվում է, որ միայն 2015 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանում 35-ից ավելի քաղաքացիական հասարակության ակտվիստներ, լրագրողներ, բլոգերներ եւ իրավապաշտպաններ են ձերբակալվել: Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվը հասնում է 100-ի: