Հասրաթյան փողոցում քաղաքացու դանակահարության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Օրվա իրադարձություններ«Արմենիա» բժշկական կենտրոնից ապրիլի 5-ին ժամը 10:20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արմեն Նախչվանյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ նույն օրը Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել Հասրաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: