Գավառում երկրաշարժն առավել զգացվել է բազմաբնակարան շենքերում
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում ապրիլի 6-ի առավոտյան ժամը 5.26-ի սահմաններում գրանցված երկրաշարժն առավել անհանգստացրել է Գավառ քաղաքների բազմաբնակարան շենքերի բնակիչներին` քնից արթնացնելով եւ վախ ու անհանգստություն պատճառելով շատ ընտանիքների: Ցնցվել ու ճոճվել են բնակարանների առաստաղները, հատակները, պատերը: Բարեբախտաբար, ցնցումները տեւել են մինչեւ քսան վայրկյան եւ դադարել են` հանդարտեցնելով նաեւ քնից արթնացած մարդկանց խու ճապային տրամադրությունները:
«Մեր տունը գտնվում է բազմաբնակարան շենքի հինգերորդ հարկում: Այս գիշեր մեր ընտանիքը բոլորի պես խաղաղ քնած էր: Հանկարծ բոլորս արթնացանք անակնկալ ցնցումներից: Ճոճվում էին առաստաղը, հատակը, պատերը:Մինչ կհասցնեինք լքել մեր մահճակալները, ցնցումները դադարեցին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գավառ քաղաքի բնակիչ Արփիկ Կակոյանը:
Համաձայն ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տարածած հաղորդագրության` Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից ապրիլի վեցի առավոտյան ժամը 5.26-ի սահմաններում գրանցվել է 3,5 մագնիտուտով երկրաշարժ, որը 4-5 բալ ուժգնությամբ զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Գավառ քաղաքներում, Երանոս գյուղում եւ Երեւանում:
Խոսրով Խլղաթյան