Երևանում բացվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արաքսյա Գյուլզադյանի հուշատախտակը
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ Երևանի Տիգրան Մեծի 10 հասցեում բացվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արաքսյա Գյուլզադյանի հուշատախտակը: Տաղանդաշատ երգչուհին երկար տարիներ ապրել է վերը նշված հասցեում գտնվող շենքում:
«Մենք ամեն օր խնկարկում ենք Արաքսյա Գյուլզադյանի անունը, քանի որ նա ոչ միայն հրաշք երգչուհի էր, այլև մեր պետականության սկզբնավորումից ի վեր առաջինն էր՝ իբրև երգչուհի. 1926 թվականից մինչև օրս նրա ձայնը հնչում է և չի կորցնում իր հետաքրքրությունը»,- նշեց երգիչ Ռուբեն Մաթևոսյանը և հավելեց, որ «թեպետ ուշացումով, սակայն լավ է, որ մենք կարողանում ենք հարգանքի տուրք մատուցել մեր արժանավոր մարդկանց, ինչը շատ կարևոր է»:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը իր ելույթում նշեց, որ ապրիլի 7-ը խորհրդանշական օր է՝ բացառիկ տաղանդավոր կնոջ կերպար ունեցող Արաքսյա Գյուլզադյանի հուշատախտակի բացման արարողությունը: «Ես կարծում եմ, որ իր թողած ժառանգությունը մեր աշուղական երգի բարձրարժեք կատարումներն են, և պատահական չէ, որ իրեն էին վստահում աշուղական երգի լավագույն նմուշները»,- ընդգծեց նա՝ նկատելով, որ գուսան Շերամն իր անզուգական կատարումներով պատմության մեջ մնաց հենց Արաքսյա Գյուլզադյանի կատարումների շնորհիվ:
Իր հերթին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ընդգծեց, որ Արաքսյա Գյուլզադյանին նվիրված հուշատախտակ ստեղծելու գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ նա ունկնդրում էր մի ռադիոհաղորդաշար: «Այդ ռադիոհաղորդաշարի հյուր, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը խոսում էր մշակույթի մասին, և ընթացքում անդրադարձ եղավ երգչուհի Արաքսյա Գյուլզադյանի արվեստին: Պարոն Մաթևոսյանը ափսոսանք հայտնեց, որ Երևանում չկա գեթ նյութական շնորհակալության մեկ փոքրիկ վկայություն, որ մենք պարտավոր ենք տալ մեր մեծանուն երգչուհուն, և այսօր այդ գաղափարը մենք իրականություն ենք դարձրել»,- պարզաբանեց նա և հավելեց, որ իր ընտանիքում հաճախ էին լսում Արաքսյա Գյուլզադյանի կատարմամբ երգերը, քանի որ նրա արվեստը կարևոր տեղ էր զբաղեցնում իր պապերի և տատերի կյանքում:
Հայ մեծանուն երգչուհի Արաքսյա Գյուլզադյանը ծնվել է 1907թվականի հունիսի 5-ին Գյումրիում։ 1926 թվականից հաստատվել է Երևանում և մինչև 1955 թվականը եղել է Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի, իսկ 1955-67թվականներին, որպես մեներգչուհի, հանդես է եկել Հայֆիլհարմոնիայում: