«Այսօր ոչ ստալինյան ժամանակներն են, ոչ էլ 2008 թվականը». Կարգին Հայկոն՝ Սեֆիլյանի ձերբակալության մասին
ԲլոգՀայտնի դերասան Հայկ Մարությանը, ով վերջին շրջանում բավական ակտիվ կերպով անդրադառնում է ներքաղաքական իրադարձություններին՝ իր վերաբերմունքն է արտահայտել նաեւ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալություններին:
Դերասանը ֆեյսբուքում գրել է. «Ճիշտն ասած շատ էին խոսակցություններն այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելու են: Բայց ես մինչեւ վերջին պահը դրան չէի հավատում: Շատ ցավում եմ, որ մեր երկրում կարող են մարդկանց զրկել ազատությունից առանց որևէ բացատրության կամ փաստարկի` ինչը թույլ է տալիս բանական մարդուն ենթադրել, որ դա արվում է այդ մարդկանց քաղաքական հայացքների պատճառով: Համենայն դեպս կուզեի հիշեցնել, որ այսօր ոչ ստալինյան ժամանակներն են, ոչ էլ 2008 թվականն է: Ժողովրդի գիտակցությունը շատ բարձր է, իսկ ինֆորմացիայի տարածման միջոցները բավականին զարգացել են: Ուստի ուզում եմ նշել, որ մենք բոլորս ուշադիր հետևում ենք այս պրոցեսներին և իրադարձությունների զարգացմանը:
Հ.Գ. Առավել ևս, որ Ժիրայր Սեֆիլյանը մեր ազգի նշանավոր մարդկանցից է, ով Հայրենիքի համար անգին ծառայություն է մատուցել»:
Երեկ ձերբակալվել են Հիմնադիր խորհրդարանի 6 անդամներ՝ ապրիլի 24-ի հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու պատճառաբանությամբ:
Սեֆիլյանի ղեկավարած «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ից զանգվածային միջոցառումներ էր կազմակերպելու, այդ թվում շուրջօրյա հանրահավաքներ: