ՔԿՀ-ի աշխատակիցը փորձել է թմրամիջոց փոխանցել դատապարտյալին
ՀասարակությունՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութեր են ստացվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2015 թվականի մարտի 31-ին իր ծանոթից ստացել և դատապարտյալին փոխանցելու նպատակով քրեակատարողական հիմնարկ է փոխադրել փաթեթավորված 3 բջջային հեռախոս՝ լիցքավորիչներով, որոնք թաքցրել է հիշյալ հիմնարկի տարածքում:
Նույն օրը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է հեռախոսներով և լիցքավորիչներով փաթեթը, որոնցից երկուսում թաքցված է եղել խոշոր չափերի հասնող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրացնելու նպատակով ազատազրկման վայր թմրամիջոց փոխադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: