Գյումրիում կմեկնարկի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 9-րդ գիտաժողովը
ՄշակույթԱյս տարի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 9-րդ գիտաժողովը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողներին տեղեկացրեց Գյումրիում իրականացվող և ավանդական դարձած «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հիմնադիր և համանախագահ Կարինե Ավդալյանը:
«Երեք օր տևողությամբ գիտաժողովին մասնակցելու են Մոսկվայից անվանի գիտնականներ, որոնց թվում է Մոսկվայի կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր Կոնստանտին Տենկինը՝ մի խումբ այլ ռուսաստանցի գիտնականների հետ: Քննարման առարկան է դառնալու երաժշտագիտական ոլորտը, որին մասնակցելու են երաժշտագետներ, թանգարանների և գրադարանների ղեկավարներ: Հիմնական քննարկման թեման լինելու է մեր մշակութային ցեղասպանության թեման»,- հայտնեց Կարինե Ավդալյանը:
«Մշակույթների երկխոսություն» միջազգային 9-րդ գիտաժողովը կմեկնարկի ապրիլի 15—ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ Հայաստանից և արտերկրից: Ներկայացված գիտական զեկուցումները կհրատարակվեն առանձին ժողովածուով։