Քննչական կոմիտեն ընդգրկվեց պետական և ծառայողական գաղտնիքն ապահովող կառույցների ցանկում
ՀասարակությունՔննչական կոմիտեի նախագահի պաշտոնը ներառվեց տեղեկատվությունը պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկում:
ՀՀ կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ Քննչական կոմիտեի կազմավորումից հետո իրականացվում են ակտիվ միջոցառումներ կառույցի աշխատանքները գործող օրենսդրությանը համապատասխան կազմակերպելու ուղղությամբ, և այս տեսակետից անհրաժեշտ և առանցքային նշանակություն ունի կառույցի գաղտնիության ռեժիմի ապահովումը:
Մինչ այժմ պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության լիազորությամբ էին օժտված սահմանադրական դատարանը, դատական, քննչական և դատախազական մարմինները: Այս պետական մարմիններն իրենց գործունեության ընթացքում ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանություն, սահմանում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց արտոնությունները, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում Քննչական կոմիտեն պետք է մշակի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը: