Անցորդները վախեցան, երբ ինձ պատգարակի վրա տեսան, դեմքիս էլ՝ մեծ պատռվածք.Սիլվա Հակոբյան
LifestyleՍիլվա Հակոբյանն ու Ազատ Հակոբյանը ժամեր անց հանդիսատեսի դատին կհանձնեն նոր զուգերգ և տեսահոլովակ: «Մի պատմություն» կոչվող երգի հիման վրա նկարահանված զուգերգը երգիչների առաջին համագործակցությունն է: ESem.am-ի հետ զրույցում Սիլվան նշեց, որ առաջարկը Ազատից շատ վաղուց է ստացել: «Երգն էլ վաղուց կար, սակայն քանի որ սկզբունքորեն չէի ցանկանում զուգերգով հանդես գալ, հիմնականում կենտրոնացած էի անհատական կարիերայիս վրա, ինչի պատճառով էլ իմ և Ազատի համատեղ աշխատանքն անընդհատ հետաձգվում էր»,- հայտնեց երգչուհին:
Սիլվայի և Ազատի համատեղ երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումը արել է Կարեն Սևակը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մանուկյանը: Ըստ երգչուհու` տեսահոլովակի նկարահանումները կատարվել են Երևանում` երկու օրում՝ Երևանի հյուրանոցներից մեկում, հիվանդանոցում: «Ինչքան էլ ուզում էինք, որ մենք միայն պատմողի դերում լինենք ու երգենք, սակայն ռեժիսորը համոզեց, որ մենք նաև տեսահոլովակի հերոսները լինենք»,- մանրամասնեց երգչուհին:
Ըստ Սիլվայի` իրենք տխուր պատմություն կներկայացնեն` տխուր սյուժեով: «Երբ դիտեցի արդեն պատրաստ տեսահոլովակը, փշաքաղվեցի, որովհետև հուզիչ պահ կա. տեսահոլովակն ունի պատմություն, իմաստ»,- ավելացրեց Սիլվան:
Խոսելով նկարահանումների մասին` նա որոշ դրվագներ պատմեց հատուկ մեր ընթերցողների համար: «Հիվանդանոցում նկարահանվելու օրը, երբ պատգարակի վրա էի, դեմքիս էլ՝ մեծ պատռվածք, անցորդները մի լավ վախեցան: Նույնիսկ մի տատիկ տեսավ ինձ այդ վերքով, ասաց` վա,յ քոռանամ ես, էս ինչ է եղել քեզ, աղջիկ ջան»,- պատմեց երգչուհին:
Սիլվան ESem.am-ին տեղեկացրեց նաև, որ տարվա ընթացքում այլ զուգերգեր ևս կունենա ինչպես հայ, այնպես էլ արտասամանցի երգիչների հետ, որոնց մասին ավելի ուշ կխոսի