Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց խնդիրներով կիսվել են Արմեն Երիցյանի հետ
ՀասարակությունՇարունակելով իր աշխատանքային այցը Տավուշի մարզ՝ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելում է մարզի սահմանամերձ գյուղեր: Նախարարն արդեն եղել է Չինարի, Մովսես, Վերին Կարմիրաղբյուր գյուղերում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանդիպելով սահմանամերձ համայնքների բնակչության, ղեկավար անձնակազմի և նշված համայնքների պաշտպանությունն ապահովող զորամասե րի անձնակազմի հետ՝ նախարար Երիցյանը տեղում անձամբ ծանոթացել է համայնքի քաղաքացիական պաշտպանության հարցերին:
Շեշտելով բնակչության պաշտպանության հարցում հայոց բանակի առաջնային դերը՝ նախարարը նշել է, որ ՏԿԱԻ նախարարության անձնակազմը նույնպես պատրաստ է և միջոցներ չի խնայելու բնակչության պաշտպանության ոլորտում ներդրում ունենալու հարցում:
Սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր աշխատատեղերի ստեղծման, առողջապահության և աղբահանության հետ կապված հարցեր: Վերին Կարմիաղբյուր գյուղի բնակիչները նախարարի հետ քննարկել են խաղողի այրված այգիների հարցը: Արմեն Երիցյանը Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին կարգադրել է ուսումնասիրել բարձրաձայնված բոլոր խնդիրները և հնարավոր լուծումների մասին զեկուցել իրեն: