Քաղաքագետին հետաքրքրում է նավթի էժանացման համատեքստում Ադրբեջանի սպառազինության կրճատումը
ՀասարակությունՔաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում համարում է միաժամանակ թե՜ արդարացված, թե՜՝ ոչ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նշեց, որ Մինսկի խմբի գործունեությունն արդարացված է այնքանով, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն ծավալվում, բայց նաև չի արդարացվում, քանի որ հակամարտության կարգավորման հարցում կողմերի համար ընդունելի մոտեցումը չի հայտաբերվել:
Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ` Ադրբեջանը իրականացնում է գործողություններ, որոնց արդյունքում իրենք անընդհատ կրելու են մեծ թվով զոհեր, իսկ Հայաստանի խնդիրը պետք է լինի մեր կողմում զոհերի թիվը նվազագույնի հասցնելը: «Խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերջին մեկ տարում ամրագրել է քաղաքականություն, ըստ որի՝ ավելացրել է դիվերսիոն գործողությունները, որոնք ստանում են ավելի քան համարժեք պատասխան, բայց դա նրանց չի կանգնեցնում, որովհետև մարդկային կյանքն իրենց երկրի ղեկավարների համար ոչ մի արժեք չի ներկայացնում»,- հայտնեց նա:
Քաղաքագետը նշեց, որ հետաքրքրական է, թե Ադրբեջանը ինչպես կվարվի նավթի գների անկման համատեքստում: «Նրանք կգնան իրենց երկրում սոցիալական վիճակի բարելավմանը կամ պահպանմա՞նը, որը նշանակում է ավելի քիչ ռեսուրսներ ուղղել սպառազինությանը, թե՞ կգնան արկածախնդրության` իրենց աչքի առջև ունենալով Վրաստանի 2008 թվականի իրադարձությունները»,- նկատեց Ալեքսանդր Մարկարովը: