Նախագահ Սարգսյանը հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին
ՀասարակությունՏարածաշրջանում կայունության պահպանման համար կարևոր է Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությանը (ՀԱՊԿ): «Միր» հեռուստաընկերության «Միասին» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգասյանըˋ անդրադառնալով է տարածաշրջանային անվտանգության հարցերին և Վրաստանիˋ ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներին:
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Վրաստանի հետ և պարտավոր ենք հարգանքով վերաբերվել մեր հարևանի ընտրությանը: Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր երկիր, տարբեր միություններ ընդգրկվելիս կամ իր ազգային գերակայություները սահմանելիս, այնուամենայնիվ, պետք է ելակետ ունենա այն, որ դա բացասաբար չազդի տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի վրա: Մեր ելակետն այն է, որ անվտանգությունն անբաժանելի և փոխլրացնող է»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Նախագահի խոսքովˋ 21-րդ դարում այնքան մարտահրավերներ կան, որ պետությունները պարզապես ի վիճակի չեն միայնակ պայքարել այդ մարտահրավերների դեմ, և միությունների մեջ ներգրավվելը պարզապես անհրաժեշտություն է դառնում:
Հայաստանի Նախագահի դիրքորոշմամբˋ հիմա ամենակարևորն այն է, որ Հայաստանի անդամակցությունը մեկ միությանը, և Վրաստանի անդամակցությունը կամ համագործակցությունը մեկ այլ միության հետ չհանգեցնի մեր տարածաշրջանում տիրող իրադրության վատթարացմանը: «Վրաստանի դիրքորոշումից չափազանց շատ բան է կախված մեր երկրներում կայունության պահպանման առումով: Ես համոզված եմ, որ չի գա այն ժամանակը, երբ մենք վատ հարաբերություններ կունենանք Վրաստանի հետ հենց այդ պատճառով: Կարծում եմ, իրավիճակը նույն կերպ է ընկալում նաև Վրաստանի ղեկավարությունը: Վր աստանի ղեկավարության կողմից որևէ քայլ չենք տեսել, որը կարող էր հանգեցնել իրավիճակի սրման»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: