Գեղարքունիքի մարզում այս տարի կտնկվի մոտ 40 հազար պտղատու ծառ
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում հիմնական պտղատու ծառերի տնկիներ արտադրող տնտեսությունները գտնվում են Ծովինար գյուղում, որտեղ այս տարի արտադրվել եւ վաճառքի է հանվել մոտ 40 հազար տնկի:
Ինչպես տեղեկացրեց վաստակաշատ այգեգործ, պտղատու տնկիների արտադրությամբ զբաղվող Խաչիկ Տեր-Հովսեփյանը, պտղատու ծառերի տունկը տեղացած ձյան ու վերահաս ցրտերի պատճառով ուշացավ մի քանի օրով, սակայն ապրիլի երրորդ տասնօրյակում այն կընթանա ամբողջ թափով: «Մեր գյուղի տասնյակից ավելի տնտեսություններում արտադրվում են ծիրանի, դեղձի, սալորի, ընկույզի, կեռասի, բալի, տանձի, խնձորի տնկիներ, որոնք սպառվում են թե Գեղարքունիքի մարզում, թե՛ նրա սահմաններից դուրս: Մեր տնտեսությունում այս տարի արտադրվել են 4 հազար 1-3 տարեկան տնկիներ, իսկ գյուղի բոլոր տնտեսություններում՝ մոտ 40 հազար: Տնկիները վաճառվում են 600-1000 դրամ արժեքով: Արտադրված տնկիները մեր մարզի այգիներում վաղուց դարձել են բերքատու ծառեր, այսօր էլ նորերի հաշվին թարմացվում են հին այգիները կամ նորերն են ստեղծվում: Մեր արտադրած տնկիները կլիմայավարժեցված են, այդ պատճառով էլ տնկվելուց հետո ցույց են տալիս բարձր կենսունակություն»,-նշեց Խաչիկ Տեր-Հովսեփյանը:
Գեղարքունիքի մարզում վաճառքի նպատակով տնկիներ բերում են նաեւ Արարատյան դաշտի եւ Վայոց Ձորի տնտեսություններից, սակայն այգեգործները հիմնականում նախապատվությունը տալիս են տեղում արտադրված տնկիներին:
Խոսրով Խլղաթյան