Օբյեկտիվ քննություն երաշխավորելու նպատակով ծանր հանցագործության դեպքով գործը քննության է ուղարկվել ՀՔԾ
ՀասարակությունՕբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ծանր հանցագործության դեպքով գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն: Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությա ն ընթացքում Արմեն Ս.-ն հայտնել է, որ 2003թ. նոյեմբեր-դեկտեմբերին Կարեն Խ.-ն ու Արթուր Ք.-ն, դուրս գալով այլ նպատակով տրված լիազորագրի սահմաններից, առանց իր գիտության 985 հազար ԱՄՆ դոլարով Մխիթար Վ.-ին են վաճառել իրեն պատկանող 7 հազար քմ հողամասը, որի վաճառքից ստացված գումարից իրեն են տվել միայն 430 հազար ԱՄՆ դոլարը, իսկ մնացած 550 հազար ԱՄՆ դոլարը խարդախությամբ հափշտակել են:
2014 թվականի հոկտեմբերի 3-ին քրեական գործով վարույթը կարճվել է՝ Արթուր Ք.-ի, Կարեն Խ.-ի ու Արմեն Ս.-ի արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, այն պատճառաբանությամբ, որ նրանց միջև առկա հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ:
Քրեական գործով կարճված վարույթը վերսկսվել է և ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն: