Մահչուփյանը Ցեղասպանության տարելիցին ընդառաջ Թուրքիայից չի ակնկալում նախկիններից տարբերվող հայտարարություն
ՀասարակությունՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պաշտոնական Անկարայի կողմից հնչեցվելիք հայտարարությունը թերևս չի տարբերվի նախկինում արած հայտարարություններից: Այս մասին Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է Թուրքիայի վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը` հավելելով, որ այդ հայտարարությունը, ըստ էության, չի բավարերելու հայերին:
Անդրադառնալով ապրիլի 24-ին ընդառաջ հայկական սփյուռքի գործողություններին` պոլսահայ մտավորականը նշել է, որ սփյուռքն իր սպասվածից ավելի փափուկ դիրքորոշում է դրսևորում: «Կարծում էի, որ այս տարի սփյուռքի ելույթներն ու գործողություններն ավելի ծայրահեղական կլինեն, սակայն Սփյուռքն այսօր խնդիրը շատ ավելի հանգիստ, սառնարյուն կերպով է քննարկում»,- ասել է Մահչուփյանը:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում առաջադրված հայ թեկնածուների հարցին` նա ընդգծել է, որ խորհրդանշական առումով այդ քայլն իրեն շատ է դուր եկել, թեպետ չի ցանկանա մեջլիսում միայն մեկ հայ տեսնել: «Նախ այն պատճառով, որ հայերն ամբողջությամբ այլ գույներ ունեցող հասարակություն են, բացի այդ, անհնար է, որ մեկ անձն ամբողջ բեռը վերցնի իր ուսերին»,- ասել է Մահչուփյանը` նշելով, թե կցանկանար, որ երեքն հայ թեկնածուն էլ հաջողության հասնեն:
Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդականը, խոսելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթի մասին՝ նշել է, որ, որպես հայ, իր համար Հռոմի պապի խոսքերն առանձնահատուկ նշանակություն չեն ունեցել: «Ի վերջո, Հռոմի պապն աշխատել է ինչ-որ կերպ ընդառաջ գնալ սեփական ուսերին գտնվող բարոյական պատասխանատվությանն ու հասարակական սպասումներին»,- նկատել է Մահչուփյանը: