Կառավարությունը 36 մլն դրամ է հատկացրել հայ բժիշկներին արտասահմանում վերապատրաստվելու համար
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հադիպել է Լոռու, Երևանի և Ջավախքի 36 կլինիկական օրդինատորների հետ՝ քննարկելու համար կադրային համալրման խնդիրն իրենց մարզերում: Նախարարը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեք ուղղություն է առաջարկում մարզերում կադրային խնդիրները լուծելու համար՝ մասնագետների վերարտադրություն, նպատակային կլինիկական օդիտատուրայի ստեղծում և մարզերում անհրա ժեշտ սոցիալական պայմանների ստեղծում, որ երիտասարդ մասնագետը շահագրգռված լինի աշխատել այնտեղ:
ՀՀ Նախագահի նախընտրական դրույթներին համահունչ՝ այս տարվա բյուջեով 36 մլն դրամ է հատկացվել, որպեսզի հայ երիտասարդ մասնագետները կարողանան վերապատրաստում անցնել արտասահմանյան առաջատար կլինիկաներում: Արմեն Մուրադյանը նշեց, որ նման հանդիպումներն առկա խնդիրներն ու առաջարկները քննարկելու, քաղաքականություն մշակելու, կադրային հարցերը վերհանելու և դրանց լուծումներն ուրվագծելու լավ հնարավորություն են:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը հավաստիացրեց, որ իրենց մասնագիտական գործունեությունը մարզում շարունակել ցանկացող մասնագետների համար կստեղծվեն անհրաժեշտ պայմանները:
Խորհրդակցությանը ներկա էին նաև Սպիտակի. Տաշիրի, Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի բժշկական կենտրոնների ղեկավարները, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Իվան Աղաջանյանը:
Երիտասարդ օրդինատորները բարձրացրեցին մարզային բժշկական կենտրոնները նորագույն սարքավորումներով համալրելու, գիտական գործունեությունը կլինիկականի հետ համատեղելու հարցեր: