Բակո Սահակյանն ընդունել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությանը
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությանը՝ վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը հատուկ ողջունել է պատվիրակության կազմում Արցախ ժամանած Երկրորդ աշխարհամարտի վետերաններին՝ բարձր գնահատելով նրանց սերնդի դերակատարությունը մեր ժողովրդի պատմության մեջ: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այսօր էլ վետերանները շարունակում են ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական-քաղաքական կյանքում եւ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում:
Հանդիպմանը քննարկվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եւ Ստեփանակերտ քաղաքի համագործակցությանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը կարեւորել է Արցախի մայրաքաղաքի փոխգործակցությունը Երեւանի եւ նրա վարչական շրջանների հետ՝ ընդգծելով, որ այն արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: