ԵՄ-ն դադարել է Հայաստանի հետ հարաբերություններում բաժանարար գծեր փնտրել. Նաիրա Զոհրաբյան
ՏնտեսությունԱզգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ողջունելի է համարում այն հանգամանքը, որ Եվրամիությունը դադարել է Հայաստանի հետ հարաբերություններում բաժանարար գծեր փնտրել: Ազգային ժողովում «Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Եվրամիությունը Արևելյան գործընկերության բոլոր երկրների հետ պետք է վարի առավել խոր քաղաքականություն՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում: «Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ եթե նախկինում Բրյուսելը բաժանարար գծեր էր ուզում գտնել Հայաստանի եվրաինտեգրման եւ Եվրասիական տնտեսական միության անդամակցության միջև, ապա հիմա նաև տնտեսական ոլորտում ընդհանրություններ որոնելու պատրաստակամություն է հայտնում»,- ասաց Զոհրաբյանը
Նաիրա Զոհրաբյանը բերեց Բրազիլիայի օրինակը, որը լինելով ինտեգրացիոն այլ գործընթացում, սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ: Զոհրաբյանը հիշեցրեց, որ Բրազիլիան MERCOSUR-ի անդամ է, սակայն, միևնույն ժամանակ, խոր և համապարփակ տնտեսական հարաբերություններ ունի Եվրամիության հետ։
Պատգամավորը նշեց, որ իրեն շատ է ոգևորել ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի մոտեցումը, որ Արևելյան գործընկերության ծրագիրը ԵՄ-ի համար շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն, և հարկավոր է վերանայել ԵՄ հարևանության քաղաքականությունը՝ առկա փոփոխություններին պատշաճ արձագանքելու համար: