Սպիտակ-Երևան ավտոճանապարհին վթարված բեռնատարում զինծառայողներ են եղել
ՀասարակությունԺամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող, Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն, տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվո րական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վթարի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող Արտյոմ Գերասի Թովմասյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արտյոմ Գերասի Թովմասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Լուսանկարը ՝ Lorinews.am-ի