Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել Մինսկում
ՄշակույթՄինսկի Բարեկամության տանը ապրիլի 16-ին Բելառուսում ՀՀ դեսպանությունը հայ համայնքի աջակցությամբ կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել բելառուսահայ նկարիչներ և քանդակագործներ Գրիգոր Դանիելյանը, Լևոն Դարբինյանը, Արմեն Սարդարովը, Սպարտակ Հարությունյանը և Հռիփսիմե Գևորգյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ներկա էին Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:Բացման խոսքով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը՝ խոսելով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից հայ ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին:
Դեսպանը նշեց, որ հոգևոր արժեքներով, հավատքով ու ապրելու տենչով ապրող ու ստեղծագործող ազգը սպանելն անհնար է: Նա իր շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր կիսում են հայ ժողովրդի վիշտը:
Ելույթով հանդես եկավ նաև Բելառուս-Հայաստան բարեկամության ընկերակցության նախագահ Նաում Գալպերովիչը:Ցուցահանդեսին ներկայացված էին նաև Արևմտյան Հայաստանի գեղատեսիլ վայրերին, հայկական ճարտարապետության կոթողներին, կրթօջախներին, մշակութային ժառանգությանը և Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային նկարներ:
X