Լիբանանում ապրիլի 24-ին բոլոր դպրոցները փակ կլինեն
ՀասարակությունԼիբանանում ապրիլի 24-ին բոլոր դպրոցները փակ կլինեն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից, ապրիլի 20-ին նման հայտարարությամբ է հանդես եկել Լիբանանի կրթության նախարար Էլիաս Աբու Սաաբը: Խոսքը վերաբերում է պետական և մասնավոր բոլոր վարժարաններին: Համաձայն աղբյուրի, նման որոշում ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարեդարձի կապակցությամբ:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ապրիլի 21-ին Լիբանանի տնտեսության և առևտրի նախարար Ալեն Հաքիմը մինչև կառավարական նիստի սկսվելը հայտնել է, որ նիստի ընթացքում պետք է պահանջեն, որպեսզի ապրիլի 24-ը, իբրև զորակցություն հայերին, պաշտոնական արձակուրդի օր հռչակվի:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Լիբանանի պաշտոնական պատվիրակությունն ապրիլի 21-ին կմեկնի Երևան՝ ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: