Տիգրան Համասյանն իր «Լոյս ի լուսոյ»-ը կտանի նաև Թուրքիա
ՄշակույթԱշխարհահռչակ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» խորագիրը կրող համերգաշարի հաջորդ համերգը կանցկացվի Մոկվայում: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին անցկացված ասուլիսի ընթացքում երաժիշտը նշեց, որ ապրիլի 29-ին համերգ տեղի կունենա Մոսկվայի նորաբաց հայկական եկեղեցում:
«Լոյս ի լուսոյ»-ը կներկայացվի նաև Թուրքիայում, բայց հիմա հստակ չեմ կարող նշել այն քաղաքները, որտեղ համերգ կլինի: Միայն կարող եմ նշել, որ Ստամբուլում ելույթ կունենանք բյուզանդական եկեղեցում և կներկայացնենք հայ հոգևոր երաժշտությունը»,- հայտնեց նա:
Համերգաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության տարելիցին: «Լոյս ի լուսոյ» համերգային ծրագիրը ներառում է բացառապես հոգևոր երգեր, որոնք դեռ պատանի տարիքում գերել էին 13-14 տարեկան ապագա երաժշտին: Համերգին հայ հոգևոր երաժշտությունը հնչում է նոր մեկնաբանությամբ: «Լոյս ի լուսոյ» համերգաշարը դեկտեմբերին կեզրափակվի ԱՄՆ-ում: