Գեղարքունիքի մարզում կատարվել է 1500 հեկտար գարնանացան
ՏնտեսությունԵղանակային անբարենպաստ պայմանները Գեղարքունիքի մարզում գարնանացանն ուշացրին առնվազն կես ամսով: Արդյունք այն եղավ, որ 2015 թվականի ապրիլի 27-ի դրությամբ մարզում ընդամենը կատարվել է 1500 հեկտարին մոտ գարնանացան:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, առայժմ կատարվել է միայն գարու ցանք: Մարզի համայնքների տնտեսություններին հատկացվել է պետության կողմից սուբսիդավորված մոտ 3 հազար տոննա ազոտական պարարատանյութ, 50 հազար լիտր դիզվառելիք, 194 տոննա գարու, 40 տոննա կորնգանի եւ 1 տոննա առվույտի սերմացու:
«Եղած տեխնիկան, սերմացուն, աշխատուժը բավարար են՝ գարնանացանը ավարտին հասցնելու համար: Եթե եղանակային պայմանները թույլ տան, գարնանացանը կկարողանանք ավարտել առաջիկա 20-25 օրերին: Թեկուզ ձգձգվեց գարնանացանի ընթացքը, սակայն տեղումնառատ եղանակը նպաստավոր գյուղատնտեսական տարի է խոստանում»,-նշեց վարչության պետը:
Խոսրով Խլղաթյան