Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն քայլը դրա դատապարտումն է. Սերժ Սարգսյան
ՔաղաքականՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական «Առաջին» ալիքի «Պոզներ» հաղորդաշարի եթերում ընդգծել է ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությունը` հետագայում նոր ոճիրներ թույլ չտալու համար: «Յուրաքանչյուր չբացահայտված և չդատապարտված հանցագործություն որոշակի խթան է ապագայում կատարվելիք հանցագործությունների համար»,- նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես կարծում եմ, որ ամենալավ նախազգուշացումը և ապագայում կատարվելիքի կանխարգելման ամենահզոր տարրը հենց անցյալում կատարված հանցագործությունների խոստովանումն ու ընդունումն է: Դա ունի նաև գործնական նշանակություն. եթե մեկ անգամ փորձել եք և չեք պատժվել դրա համար, նույն արարքը կրկնելու գայթակղությունը մեծ է»,- ասել է ՀՀ Նախագահը:
Նկատելով, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության իրականացումից հետո պահանջվեց մոտ 50 տարի, որպեսզի այն ճանաչվի ՝ առաջինը Ուրուգվայի կողմից` Պոզները հարցրեց, թե ինչպես կարելի է հասկանալ, որ ԱՄՆ-ի և Իսրայելի նման պետությունները դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Ես հասկանում եմ, սակայն չեմ ըմբռնում: Նրանց համար շահերը կարևոր են արժեքներից՝ համամարդկային արժեքներից: Այս պարագայում նրանք ասում են, որ առաջնորդվում են իրենց ազգային շահերով, որն արտահայտվում է Թուրքիային չնեղացնելու քաղաքականությամբ: ԱՄՆ 51 նահանգներից 44-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, պատմության ընթացքում ԱՄՆ շատ նախագահներ նշել են ցեղասպանություն բառը: Ներկայիս նախագահ Օբաման սենատոր եղած ժամանակ բազմիցս ասել է ցեղասպանություն, իսկ իր նախընտրական արշավում նա մեղադրում էր իր մրցակիցներին՝ ասելով, թե ինչպես կարելի է այս հարցում միանշանակ դիրքորոշում չունենալ: Նույնն Իսրայելի պարագայում է»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը:
Տեսանյութը` այստեղ: