Ռուբիկ Հակոբյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները բացառիկ է համարում
ՀասարակությունՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները բացառիկ էին իրենց կազմակերպվածությամբ և ազգային համախմբվածությամբ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: «Հատուկ գնահատականի է արժանի միջոցառումների էության և կազմակերպման քաղաքակիրթ մոտեցումը: Տարելիցը նաև յուրահատուկ քննաշրջան դարձավ քաղաքակիրթ աշխարհում մարդու իրավունքները և համամարդկային արժեքները որպես պետական առաջնահերթություն հռչակող պետությունների համար»,- նշեց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այդ պետությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ այդ արժեքներն իրենց համար ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են իրենց պետական շահերը: «Այսպես է եղել նաև 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության իրականացման տարիներին: Նրանք այդ ձեռագրով են գործում նաև այսօր՝ Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայի տարբեր հատվածներում և այլուր»,- ընդգծեց Հակոբյանը:
Պատգամավորի գնահտամամբ՝ Հայոց ցեղապսանության վերաբերյալ Հռոմի Պապի խոսքը յուրահատուկ ուղերձ էր քաղաքակիրթ աշխարհին՝ հատկապես քրիստոնեական աշխարհին, ինչի դրսևորումներն արդեն ակնհայտ են և առաջիկայում էլ նոր շարունակություն կունենան: