Հոռոմի խաչմերուկի ողբերգական վթարի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
ՀասարակությունԵրևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի մոտ գտնվող խաչմերուկում 2014 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած վթարի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապրիլի 29-ին կայանալու էր վթարի առթիվ հարուցված քրեական գործի դատական նիստը, սակայն դատարանը՝ նախագահող Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ,որոշեց հետաձգել դատական նիստը՝ 2 տուժողների և տուժողների 2 իրավահաջորդների բացակայության պատճառով՝ առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 307 և 310 հոդվածներով: Դատական առաջին նիստը, որը կայացել էր ապրիլի 16-ին՝ Մարալիկում, կրկին հետաձգվել էր նույն պատճառով:
Նոյեմբերի 10-ին Հոռոմ գյուղի խաչմերուկում «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ի «Կամազ» ու «Տրանս ակնթարթ» ընկերությանը պատկանող «Գազել» մակնիշների մեքենաների վթարի հետևանքով մարդատար «Գազելն» այրվել էր, ինչի պատճառով ուղևորներից 7-ը մահացել էին տեղում« ևս 7-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն: «Կամազի» վարորդ Մանվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Դատական հաջորդ նիստի նշանակվել է մայիսի 14-ին: Դատարանը պարտավորվել է իրավահաջորդներին մեկ անգամ ևս ծանուցել դատական նիստի մասին՝ ապահովելով վերջիններիս ներկայությունը հաջորդ դատական նիստին :