Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թիվը 3 միլիոն 006 հազար 800 է
ՀասարակությունՀայաստանում ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թիվը 3միլիոն 006 հազար 800 է, ինչը 0,5 տոկոսով ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, երբ այդ թիվը 3 միլիոն 012 հազար 400 էր:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:«Այս պահին հանրապետության քաղաքային բնակիչների թիվը 1 միլիոն 911 հազար 200 է, իսկ գյուղականը` 1 միլիոն 095 հազար 600: Տարեսկզբի նկատմամբ բնակչության թիվը նվազել է 3.8 հազարով, ինչը ձևավորվել է բնակչության բնական հավելաճի, որը կազմել է 1.7 հազար, և միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշի` -5.5 հազար մարդ, տարբերությունով»,- տեղեկացրեց Կարինե Կույումջյանը:
Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը հավելեց, որ 2015թ. հունվար-մարտին գրանցված կենդանի ծնունդները 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 1.9 տոկոսով, իսկ մահվան դեպքերը (7 հազար 708)՝ 2.9 տոկոսով: 2015թ. հունվար- մարտին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 122.6 տոկոս: