Արտակ Զաքարյանը ՀԱԷԿ-ի շահագործումը էներգետիկ համակարգի կայունության երաշխիք է համարում
ՀասարակությունԷներգետիկ անվտանգության ապահովումը Հայաստանի համար կարևոր առաջնահերթություններից մեկն է: Ազգային ժողովում հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համաձայնագրի քննարկման ընթացքում հանդես գալով ՀՀԿ խմբակցության անունից՝ այս մասին նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Էներգետիկան Հայաստանում այն ոլորտն է, որը տարիներ շարունակ զերծ է եղել թերություններից և բացթողումներից: Դրա պ ատճառն այն է, որ էներգետիկ անվտանգությունը, ինչպես շատ երկրների, այնպես էլ Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն համարվող խնդիրներից մեկն է»,- նշեց Զաքարյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ ատոմակայանն այս տարիների ընթացքում հիմնավորել է իր գոյության անհրաժեշտությունն էներգամատակարարման և անվտանգության ապահովման առումով: Նա նշեց, որ, հետևելով պատգամավորների ելույթներին, կարելի է եզրակացնել, որ Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու հարցում խորհրդարանում քաղաքական համաձայնություն կա:
Եզրափակելով ելույթը՝ Արտակ Զաքարյանը շեշտեց, որ ատոմակայանի շահագործման շարունակումը Հայաստանի համար կարևոր երաշխիք է առաջին հերթին կայուն էներգետիկ համակարգի երկարատև գոյություն ապահովելու համար: