Ինչ պատասխանեց Էրդողանը Նաիրա Զոհրաբյանին, երբ նա նիստերի դահլիճում հանձնեց ցեղասպանված երեխաների լուսանկարներով ալբոմը
ՔաղաքականԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ԵԽԽՎ նիստի ժամանակ Լեւոն Զուրաբյանի առաջարկով պատվիրակները ոտքի են կանգնել ու հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այս պատմության մեջ հատկանշական էր այն հանգամանքը, որ թուրքական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը, առաջնորդվելով բարոյականության սկզբունքով եւ սեփական խղճով, ոտքի է կանգնել եւ հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի զոհերի հիշատակին, որից հետո իր թիմակիցների կողմից ենթարկվել է դատափետման:
Թուրքիայի դրսեւորած վարքագծի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ.
«Ես պարզապես զարմացած եմ, որ այդ կնոջը պատվիրակությունից չեն հեռացրել, սակայն չեմ բացառում, որ հաջորդ նստաշրջանում նա չի լինի պատվիրակության կազմում: Դա Թուրքիայի քաղաքականությունն է»:
Զրույցի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հիշեց նաեւ տարիներ առաջ Ստրասբուրգում իր եւ Էրդողանի միջեւ տեղի ունեցած մի զավեշտալի դեպք. «Մի քանի տարի առաջ, երբ Ստրասբուրգում` նիստերի դահլիճում, Էրդողանին ու Դավութօղլուին անձամբ հանձնեցի Հայոց ցեղասպանության զոհ դարձած երեխաների նկարներից պատրաստված ալբոմ եւ ասացի, որ նայեն այդ երեխաների աչքերին, ովքեր իրենց կողմից ցեղասպանված երեխաներն են, իրենք գոնե ամոթի զգացում ունե՞ն, թե՞ ոչ, Էրդողանն ինձ պատասխանեց` ոչ:
Հիմա այսքանից հետո ի՞նչ ենք ուզում, որ նրանք ոտքի կանգնած կնոջը խարակիրիի չենթարկեն: Ասեմ, որ դա նվազագույնն է, ինչ նրանք կանեն այդ կնոջ հանդեպ, ով իրականում հարգանքի է արժանի, ով ասեց, որ այո, իրականում եղել է Հայոց ցեղասպանություն եւ ես ոտքի եմ կանգնել հարգելու զոհերի հիշատակը»:
Սոսե Չանդոյան