Ստեփանակերտի 1/8 ընտրատեղամասում թերություններ ու խախտումներ չեն գրանցվել
ՀասարակությունՍտեփանակերտի թիվ 1 ընտրատարածքի 8-րդ տեղամասում, որը տեղակայված է Ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի շենքում, Արցախի ազգային ժողովի ընտրություններն ընթանում են ընտրական օրենսգրքով սահմանված կարգով: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Էլզա Մանգասարյանը տեղեկացրել է, որ տեղամասը բացվել է առավոտյան ժամը 8-ին: Հանձնաժողովի նախագահը բավարար է գնահատե լ ընտրողների ակտիվությունը՝ հույս հայտնելով , որ նման ակտիվությունը կպահպանվի, և իրենց կանխատեսմամբ՝ քվեարկությանը կմասնակցի ընտրողների ավելի քան 50 տոկոսը:
Ընտրատեղամասում դիտորդական առաքելությունն իրականացնում է Երևանի «Ապառաժ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սաթենիկ Ավագյանը, ով նշել է, որ առայժմ ոչ մի թերացում և խախտում չի գրանցվել ընտրողների կամ ընտրական հանձնաժողովի կողմից:
1/8 ընտրական տեղամասում թերությունների և խախտումների բացակայության մասին փաստել են նաև «Արցախի ժողովրդավարական» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունների վստահված անձինք՝ Նաիրա Պետրոսյանն ու Տատյանա Բաբայանը, ովքեր նշել են, որ ընտրական գործընթացը տեղամասում ընթանում է նորմալ:
Ընտրող Էդիկ Դանիելյանը քվեարկելուց հետո արցախյան բարեմաղթանքների հետ միաժամանակ նշել է, որ եկել է ընտրելու՝ հույսով, որ Արցախի նորընտիր խորհրդարանը ջանք չի խնայելու՝ բոլոր առումներով երկրում առաջընթաց ունենալու համար:
Առավոտյան տիկնոջ հետ այս ընտրական տեղամասում է քվեարկել նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
ԼՂՀ-ում անցկացվում են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Մայիսի 3-ի առավոտյան բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երեւանում, եւս մեկը՝ Քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետեւելու համար Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ: